«Արցախ Ռութս Ինվեսթմենթ»-ի («ԱՐԻ») ծրագրով ընթացիկ տարում Քաշաթաղի և Շահումյանի շրջանների բնակիչներին տրամադրվել է 33 անասնավարկ:
«ԱՐԻ»-ի ծրագրից ընթացիկ տարում արդեն օգտվել է 33 քաղաքացի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ»-ի գործադիր տնօրեն Աշոտ Բախշիյանը և հավելել, որ ծրագրի համար հատկացվել է ավելի քան 41 միլիոն դրամ:
Խոսելով վերոնշյալ վարկերի պայմանների մասին՝ Բախշիյանը նշել է, որ այն քաղաքացիներին է տրամադրվում մինչև 5 տարի մարման ժամկետով և տարեկան 6% տոկոսադրույքով: Բացի խոշոր և մանր անասունների գնումից, ըստ մեր զրուցակցի, «ԱՐԻ» ծրագրով նույն պայմաններով վարկեր են տրամադրվում նաև մեղվաընտանիքների ձեռք բերման համար:
«ԱՐԻ» կազմակերպությունը՝ Քաշաթաղի եւ Շահումյանի շրջանների բնակիչներին տալիս է մատչելի վարկեր՝ գյուղատնտեսությունը զարգացնելու նպատակով: Այս շրջանների բնակիչներն արդեն յոթերորդ տարին է, ինչ օգտվում են ընկերության` նպատակային փոխառությամբ տրամադրված ֆինանսական միջոցներից և մատչելի տոկոսադրույքներով ստանում գյուղատնտեսական վարկեր, որն ուղղված է այդ շրջաններում անասնապահության և հողագործության զարգացմանը նպաստելուն:
Աշխատանքները իրականացվում են՝ ԱՀ կառավարության հետ պայմանագրի համաձայն, կառավարության երաշխավորությամբ ու «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ»-ի հետ համագործակցությամբ: