«Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությունը ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ «Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հմտությունների ձևավորումը և խթանումն Արցախի երիտասարդության շրջանում» ծրագրի շրջանակներում կազմակերպվելու է ուսուցողական դասընթաց:
Արցախում կազմակերպվելու է ուսուցողական դասընթաց
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Հարությունյանը և նշել, որ դասընթացը նախատեսված է 18-35 տարեկան երիտասարդների համար:
«Ծրագրի նպատակն է խթանել երիտասարդների շրջանում գործարարությամբ զբաղվելու կարողությունների ձեռքբերմանը, նպաստել տնտեսության այս կամ այն ոլորտում Արցախի երիտասարդների ներգրավվածությանը, ինչպես նաև մասնակիցը դառնալ Արցախի երիտասարդների զբաղվածության խնդրի որոշ չափով լուծմանը,-ավելացրել է Ա. Հարությունյանը և նշել,-դասընթացի թեմաներն են՝ բիզնեսի գրանցման իրավական գործընթացը, բիզնես պլանավորման անհրաժեշտությունը, բիզնեսի կազմակերպման ընդհանուր նկարագիրը, մարքեթինգը բիզնեսում, բիզնեսի ֆինանսական ցուցանիշների պլանավորման հմտությունները, ապրանքանիշի գործածումը բիզնեսում, գործարար-բանկ փոխհարաբերությունները»:
«Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» ՀԿ նախագահի տեղեկացմամբ՝ դասընթացները տեղի կունենան հունիսի 10-12-ը և հունիսի 17-ին Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում, սկիզբը՝ ժամը 10:00-ին: «Դիմելու վերջնաժամկետն ընթացիկ տարվա հունիսի 5-ն է: Դասընթացն անվճար է, տեղերը` սահմանափակ: Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցներին կտրվեն հավաստագրեր: Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ներբեռնել հայտը, լրացնել և ուղարկել aegmm.hk@gmail.com էլեկտրոնային փոստին»,-ասել է Ա. Հարությունյանը: