ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և «Ապագա սերունդների հիմնադրամ»-ի համատեղ նախաձեռնությամբ վաղը՝ հուլիսի 1-ին Շուշիում մեկնարկելու է «Հակոբ Գյուրջյան» քանդակագործության 5-րդ միջազգային սիմպոզիումը:
Շուշիում մեկնարկելու է քանդակագործության 5-րդ միջազգային սիմպոզիումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի տնօրեն Լուսինե Գասպարյանն ասել է, որ արդեն ավանդական դարձած Շուշիի քանդակագործության սիմպոզիումը միջազգային համագործակցության, մշակութային ու մասնագիտական երկխոսության և ստեղծագործական ոգեշնչման հարթակ է արվեստագետների համար:
««Հակոբ Գյուրջյան» քանդակագործության 5-րդ միջազգային սիմպոզիումին մասնակցելու են 10 քանդակագործ 5 երկրներից: Սիմպոզիումի արդյունքում ստեղծված քանդակները տեղարդրվելու են Շուշիի Կերպարվեստի պետական թանգարանին կից «Քանդակների պուրակ»-ում»,-ասել է Լ. Գասպարյանը:
Խոսելով արդեն կազմակերպած 4 միջազգային սիմպոզիումների մասին, թանգարան ի տնօրենը մանրամասնել է. «Ի հիշատակ շուշեցի մեծանուն քանդակագործ Հակոբ Գյուրջյանի, 2011 թվականից Շուշիում իրականացվում են «Հակոբ Գյուրջյան» քանդակագործության միջազգային սիմպոզիումներ, որոնց մասնակցել են քանդակագործներ Իտալիայից, Բելգիայից, Խորվաթիայից, Ճապոնիայից, Շվեյցարիայից, Հնդկաստանից, Լեհաստանից, Բելոռուսից, Հայաստանից և Արցախից:
Անցկացված չոր սիմպոզիումների ընթացքում հայ և օտարերկրացի քանդակագործները կերտել են 52 քանդակ, որոնց մի մասը ցուցադրության են ներկայացված Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի «Քանդակների պուրակ»-ում, մի մասն էլ՝ Շուշիի և Ստեփանակերտի տարբեր հատվածներում»: