Ադրբեջանը մինչ այս պահը որևէ քայլով ցույց չի տվել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում պատրաստ է առաջընթացի:
Բանակցություններում առաջընթացի համար համանախագահները նախ պետք է դրական միջավայր ապահովեն. Շարմազանով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Համանախագահող երկրները նախ պետք է բանակցությունների համար դրական միջավայր ապահովեն: Դա կլինի միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանն իր ռազմական հռետորաբանությունը դադարեցնի, պատեհ ու անպատեհ առիթներով նոր պատերազմի վերսկսման մասին չխոսի և, ի վերջո, իրականացնի Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները»,-նշեց Շարմազանովը:
Խոսելով ՀՀ-ԵՄ պայմանագրի մասին՝ Շարմազանովը նշեց, որ ոչինչ չի խանգարում կողմերի միջև համագործակցության նոր համաձայնագրի ստորագրմանը: «Հայաստանը Եվրասիական տնտեսական միություն մուտքով չի փակել համագործակցության ճանապարհը Եվրոպական Միության հետ, և դա ասվել է նաև նախագահ Սարգսյանի կողմից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայությամբ: Այսօր մենք ունենք նախաստորագրված համաձայնագիր և գոնե հայկական կողմից չկան խոչընդոտներ այն ստորագրելու», - ընդգծեց ԱԺ փոխնախագահը: