ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարությունը քննարկում է առաջարկ, որի համաձայն ավելի քան 1,4 մլն արտասահմանցի ուսանողները ստիպված կլինեն ամեն տարի նորից ձեւակերպել ԱՄՆ–ում կեցությունը։
ԱՄՆ–ում, հնարավոր է, արտասահմանցի ուսանողներին ստիպեն ամեն տարի փաստաթղթերը վերաձեւակերպել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Առաջարկը ազգային անվտանգության ուժեղացման ծրագրի մի մասն է՝ արտասահմանցի ուսանողներին ավելի մանրակրկիտ հետեւելու ճանապարհով, հայտնում է The Washington Post–ը։
Ծրագիրը փոփոխություններ է պահանջում օրենսդրության մեջ, որի համար առնվազն 1,5 տարի կպահանջվի։ Անհրաժեշտ է նաեւ Պետքարտուղարության աջակցությունը։ Վիզաների տրամադրմամբ զբաղվում է Պետքարտուղարությունը, իսկ Ներքին անվտանգության նախարարությունը իրականացնում է երկիր մուտք գործող քաղաքացիներին հետեւելը։
Նախարարությունում անհանգստություն են հայտնել այն կապակցությամբ, որ ուսանողների վիզաները չափազանց երկարաժամկետ են։ Ամեն տարի ԱՄՆ–ում սովորում է միլիոնից ավելի արտասահմանցի ուսանող, որոնք միլիարդավոր դոլարներ են բերում երկրի տնտեսությանը։ Ուսանողների մոտ 77 տոկոսը գալիս է Ասիայի երկրներից, առաջին հերթին Չինաստանից եւ Հնդկաստանից։