Իրանի արվեստագետների տան «Նասերի» դահլիճում հուլիսի 23-ին տեղի ունեցավ հայկական ֆիլմերի շաբաթվա բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը, դեսպանության դիվանագիտական անձնակազմը, Հայաստանից ժամանած կինոռեժիսորներ Արամ Շահբազյանն ու Արեն Վաթյանը, մեծաթիվ հյուրեր:
Իրանում մեկնարկել է հայկական ֆիլմերի շաբաթը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից: Միջոցառման ընթացքում ներկայացվեցին Իրանի երեք քաղաքներում՝ Թեհրանում, Մաշհադում և Շիրազում հուլիսի 23-ից 29-ը ցուցադրվելիք ֆիլմերն ու դրանց կարճ բովանդակությունը: Հանդիսությանը ելույթով հանդես եկավ դեսպան Թումանյանը, ով ներկայացրեց հայկական կինոյի անցած ուղին և հայ-իրանական մշակութային առնչությունները: Բացման արարողությանը հաջորդեց Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմի ցուցադրությունը, որից հետո հայ կինոռեժիսորների մասնակցությամբ տեղի ունեցավ համատեղ քննարկում՝ նվիրված հայկական կինոարվեստի պատմությանն ու կինոյի ոլորտում հայ-իրանական համագործակցության հեռանկարներին: