Բլոգեր Ալեքսանդր Լապշինը հավաքում է ադրբեջանական բանտում բռնությունը հաստատող փաստաթղթեր:
Ալեքսանդր Լապշինը հավաքում է ադրբեջանական բանտում բռնությունը հաստատող փաստաթղթեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Այսօր ամբողջ օրը Հայֆայի հոսպիտալում էի: Փաստաթղթեր եմ հավաքում ադրբեջանական բանտում բռնության մասին: Բժիշկները համակարծիք են, որ Ադրբեջանի՝ ինքնասպանության փորձի վարկածը քննադատության չի դիմանում: Դրա փոխարեն, ծեծի հետքերն ակնհայտ են: Կշարունակենք աշխատել նաեւ հետագայում»,- Facebook-ի իր էջում հայտնել է նա, հայտնում է News.am-ը:
Ռուսաստանի, Իսրայելի եւ մի շարք երկրների քաղաքացի Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է 2016-ի դեկտեմբերին Մինսկում՝ Ադրբեջանի պահանջով, որտեղ նա ներառված է «սեւ ցուցակում» Արցախի Հանրապետություն այցելության համար։
Նման անձանց մուտքն Ադրբեջան արգելվում է, Լապշինը, սակայն, 2015-ին Վրաստանի տարածքով եւ Ուկրաինայի քաղաքացու անձնագրով մտել էր Ադրբեջան: Նրա անվան գրության մեջ առկա տառի տարբերությունը սահմանապահները չէին նկատել։ Ուկրաինական անձնագրում գրված է «Օլեկսանդր»։ Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ հետախուզում էր հայտարարել՝ «Պետական սահմանի մասին» օրենքը խախտելու համար:
Հունվարի 17–ին Բելառուսի դատախազությունը որոշել էր բավարարել Ադրբեջանի պահանջը եւ արտահանձնել Լապշինին Ադրբեջանին։ Իսկ հունվարի 26–ին Մինսկի դատարանը մերժել էր Լապշինի փաստաբանների բողոքը:
Ռուսաստանը եւ Իսրայելը փորձել են հասնել արտահանձնման որոշման չեղարկմանը: Սակայն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ասուլիսից հետո ակնհայտ էր, որ Լապշինին կարտահանձնեն:
Փետրվարի 7-ի երեկոյան Ալեքսանդր Լապշինին Բաքու էին տեղափոխել: Սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Լապշինին ներում էր շնորհել։ Միաժամանակ պարզվել էր, Լապշինին բանտում ինքնասպանության փորձ կատարելու են հասցրել: