Մարտունու Մոնթե Մելքոնյանի անվան մանկապարտեզում ընթացիկ տարվա սեպտեմբերին սկսվել են կապիտալ վերանորոգման աշխատանքներ:
Մարտունու Մոնթե Մելքոնյանի անվան մանկապարտեզում կապիտալ վերանորոգման աշխատանքներ են ընթանում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում մանկապարտեզի շենքի շինարարական աշխատանքներն իրականացնող «Հայր և որդի Մուսայելյաններ» ՍՊԸ տնօրեն Արթուր Մուսայելյանը ասել է, որ մեկ տարի առաջ ամբողջովին վերանորոգվել է մանկապարտեզի տանիքը, իսկ այժմ ընթացքի մեջ են ներքին հարդարման աշխատանքները:
«Փոխվում են պատուհանները, դռները, հատակները, կատարվում է սալիկապատում»,- նշել է Ա. Մուսայելյանը և ավելացրել, մանկապարտեզի վերանորոգումից հետո փոխվելու է ջեռուցման համակարգը:
Նախկինում ձմեռային տաքացումն իրականացվում էր վառարանների միջոցով, իսկ հիմա, Ա. Մուսայելյանի տեղեկացմամբ, կառուցվելու է փայտի գործարկմամբ նոր կաթսայատուն: Շուրջ 200 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի շենքի միայն մի մասում են ներկայումս կատարվում վերանորոգման աշխատանքներ: «Աշխատանքների առաջին փուլն ավարտելու ենք մինչև տարվա վերջ, որից հետո երեխաները տեղափոխվելու են վերանորոգված մաս, իսկ ընդհանուր շինարարական աշխատանքներն ավարտվելու են 2018 թվականին»,- նշել է Ա. Մուսայելյանը և հավելել, որ աշխատանքներին ներգրավված է 10 բանվոր:
Ա. Մուսայելյանը նշել է նաև, որ մանկապարտեզի վերանորոգման աշխատանքներն իրականացվում են պետական և բարեգործական միջոցներով: «Պետական ֆինանսավորումից բացի, ծրագրին աջակցում է նաև ռուսաստանաբանակ բարերար Վլադիմիր Ավագյանը»,- ասել է շինարարը: