Ստեփանակերտի հիմնադրման 94-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում այսօր Ստեփանակերտի քաղաքապետարանում կատարվել պարգևատրման արարողություն:
Ստեփանակերտի քաղաքապետարանում պարգևատրման արարողություն է կատարվել (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, ողջունելով ներկաներին, շնորհավորել է Ստեփանակերտ քաղաքի հիմնադրման տոնի առթիվ:
«Քաղաքի հետագա զարգացման և բարգավաճման գործում մենք պարտավոր ենք էլ ավելի գիտակցել մեր պատասխանատ-վության չափը:
Ստեփանակերտն Արցախ աշխարհի մայրաքաղաքն է: Յուրաքանչյուր այցելու արցախցիների մասին իր առաջին տպավորությունն ստանում է Ստեփանակերտում: ԱՀ իշխանությունների աջակցությամբ այսօր էլ Ստեփանակերտի քաղաքապետարանն անում է ամեն ինչ, որ ապահովի մայրաքաղաքի զարգացման առաջընթացը:
Ստեփանակերտն օրեցօր զարգանում, բարգավաճում, կառուցապատվում է. վեր են խոյանում մանկապարտեզների, դպրոցների, բնակելի թաղամասերի նոր շենքեր, կառուցվում են խաղահրապարակներ, բարեկարգվում փողոցներ, առողջապահության և մշակույթի կենտրոններ: Մայրաքաղաքում պատշաճ ուշադրություն է դարձվում սանմաքրմանը և քաղաքի կանաչապատմանը»,-մասնավորապես ասել է Ս. Գրիգորյանը: Երկարամյա անբասիր աշխատանքի, մայրաքաղաքին մատուցված ծառայությունների և Ստեփանակերտի օրվա առթիվ քաղաքապետարանի ենթակայության տակ գործող հիմնարկ-ձեռնարկությունների մի խումբ աշխատակիցների Սուրեն Գրիգորյանը պարգևատրել է պատվոգրերով և նվերներով:
Քաղաքապետի կողմից պարգևատրված Ստեփանակերտի Քրիտափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանի դասախոս Արթուր Պողոսյանն Ստեփանակերտի հիմնադրման տոնի առթիվ շնորհավորել է ստեփանակերտցիներին՝ ցանկանալով բոլորին խաղաղություն, արևշատություն և բարեկեցիկ կյանք:
«Նման պարգևի արժանանլը հաճելի, բայց ավելի՝ պարտավորեցնող:
Վարժարանի կոլեկտիվի անունից ես հավաստիացնում եմ, որ շարունակելու ենք մեր պատվաբեր աշխատանքը՝ հայրենիքի պաշտպանության համար դաստիարակելով արժանի սպաներ»,-նշել է Ա. Պողոսյանը:
1984 թվականից Ստեփանակերտի մշակույթի բաժնում որպես հաշվապահ աշխատող Լյուդմիլա Համզոյանն էլ մեզ հետ զրույցում ասել է, որ ինքն ուրախ է, քանի որ իր աշխատանքն ըստ արժանվույն է գնահատվել:
«Արցախ աշխարհին ցանկանում եմ խաղաղություն, սահմանապահներին՝ ուժ, կորով, հաղթանակներ: Ցանկանում եմ մեր մայրաքաղաքին բարօրություն, նորանոր ձեռքբերումներ, մեզ՝ աշխատողներիս էլ՝ հաճելի և օգտավետ աշխատանքային օրեր»,-հավելել է Լ. Համզոյանը: