Ստեփանակերտի քաղաղաքապետարանի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի նախաձեռնությամբ այսօր մայրաքաղաքի Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան N3 դպրոցում տեղի է ունեցել «Գովք Ստեփանակերտի» խորագրով գրական-երաժշտական ցերեկույթ՝ նվիրված մայրաքաղաքի 94-րդ տարեդարձին:
Ստեփանակերտին նվիրված տոնական համերգ է կազմկերպվել (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Միջոցառմանը ներկայացվել է ձեռքի աշխատանքների ցուցահանդես, ասֆալտի վրա նկարչություն է կատարվել, որին հաջորդել է գրական-երաժշտական ցերեկույթ: Այնուհետև մայրաքաղաքի կրթական հաստատությունների աշակերտներն ու ուսուցիչները հանդես են եկել ազգային պարերով, հայրենասիրական և ժամանակակից երգերով, նվագել են երաժշտական տարբեր գործիքների վրա:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ստեփանակերտի քաղաղաքապետարանի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի ղեկավար Կառլեն Մարգարյանը, տոնի առթիվ շնորհավորելով ստեփանակերտցիներին, մասնավորապես ասել է. «Ստեփանակերտը ժամանակակից քաղաք է, բազմամարդ ու բարեկարգ, գեղեցիկ զբոսայգիներով և պուրակներով, հայկական ազգային ճարտարապետության ավանդույթներն իր մեջ ամբարած պատմական կոթողներով, նախադպրոցական, հանրակրթական, արտադպրոցական բազում միջնակարգ-մասնագիտական և բարձրագույն հաստատություններով, սեփական դրոշով, զինանշանով և օրհներգով»:
Ստեփանակերտի պատվավոր քաղաքացի Սվետլանա Դավթյանն էլ, ով ներկա էր տոնական համերգին, մեզ հետ զրույցում ասել է. «Ես բնիկ ստեփանակերտցի եմ, որի համար շատ հպարտ եմ: Ինձ համար երջանկություն է ապրել մի քաղաքում, որն ավերակներից վեր է հառնել ու դարձել ժամանակակից մայրաքաղաք»:
Միջոցառմանը ներկա էին ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարի պաշտոնակատար Սլավա Ասրյանը, Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակիցներ, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ: