Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը, միանալով Եվրոպայի խորհրդի և եվրոպական հանձնաժողովի համատեղ նախաձեռնությամբ իրականացվող «Եվրոպայի ժառանգության օրեր» ծրագրին, մինչև հոկտեմբերի 2-ը մայրաքաղաքում և շրջաններում կիրականացնի մի շարք միջոցառումներ:
Արցախում մեկնարկել է «Եվրոպայի ժառանգության օրեր» ծրագիրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ մշակույթի, երիտասարդության և զբոսաշրջության հարցերի նախարարության երիտասարդության հարցերի բաժնի աշխատակից Ալվարդ Սարգսյանն ասել է, որ պաշտոնական առաջարկը եղել է ՀՀ մշակույթի նախարարության կողմից:
Նա նշել է, որ «Եվրոպայի ժառանգության օրեր» ծրագիրը մի քանի նպատակ ունի: Նախ՝ բարձրացնել հասարակության իրազեկվածության մակարդակը մշակութային կոթողների և հուշարձանների մասին, ինչպես նաև նպաստել շրջակա միջավայրի պաշտպանությանը և ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ կերևա եվրոպական մշակույթի բազմազանությունը:
«Նպատակներից մեկն էլ մարդկանց ուշադրությունը սևեռելն է բնապահպանական, շրջակա միջավայրի պահպանության, մշակութային ժառանգության պահպանության հարցերին»,- ասել է Ա. Սարգսյանը և հավելել, որ միջոցառումների իրականացմանն օգնում են ԱՀ-ում գործող ՊՈԱԿ-ները և տարբեր շրջանների երիտասարդության բաժիններ: