ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի Ֆրեզնո քաղաքից մի խումբ բժիշկներ Արցախում անվճար իրականացնում են քաղաքացիների ընդունելություն, հետազոտություններ, խորհրդատվություններ և վիրահատություններ:
Ամերիկացի բժիշկներն Արցախում բարդ վիրահատություններ են կատարել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ,10 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանն ասել է, որ ԱՄՆ-ից ժամանել են այնպիսի բժիշկ-մասնագետներ, որոնց կարիքն Արցախում շատ է զգացվում:
Առողջապահության նախարարի խոսքով՝ ամերիկացի բժիշկների կողմից Արցախում առաջին անգամ կատարվել են բարդ վիրահատություններ: Օրինակ իրականացվել է հիստերոսկոպիկ, կյանքին վտանգ սպառնացող ճարպակալումով հիվանդի ստամոքսի և հիշպրունգի (ներպատային նյարդային համակարգի բնածին արատ) հիվանդության վիրահատություններ:
«Բացի մասնագիտական ծառայություններից նրանք «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ին նվիրաբերել են լապարասկոպիկ և հիստերոսկոպ սարքեր, «Արևիկ» մանկական հիվանդանոցին՝ աուդիոմետր (լսաչափ) սարք, իսկ Հանրապետական բժշկական կենտրոնին բժշկական պատկերման թվայնացնող սարք, որը մեր բժիշկներին հնարավորություն կտա հեռավար (դիստանցիոն) խորհրդատվություններ իրականացնել»,- ասել է Կ. Աթայանը:
Կ. Աթայանի տեղեկացրեց նաև, որ բժիշկների այցի կազմակերպմանը աջակցել է Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանը: