Այսօր՝ առավոտյան, մահացել է հայազգի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը:
Մահացել է բարերար Լևոն Հայրապետյանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես Մոսկվայից տեղեկացնում է լրագրող Վահե Ավանեսյանը, Լ. Հայրապետյանը մահացել է 68 տարեկանում: «Նրա վերջին ցանկությունն էր, որ իրեն հուղարկավորեն ծնողների մոտ», - նշել է Վ.Ավանեսյանը:
Լևոն Գուրգենի Հայրապետյանը ծնվել է 1949 թվականին Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Վանք գյուղում։ Ավարտել է ՄՊՀ-ի Փիլիսոփայության ֆակուլտետը։ Որպես լրագրող աշխատել է «Կոմսոմոլսկայա պրավդա», «Սոբեսեդնիկ» թերթերում, «Օգոնյոկ» ամսագրում։ «Սովրեմեննիկ» հրատարակչական տան հիմնադիրն է։ Ակտիվ մասնակցություն է ունեցել ԼՂՀ ստեղծման գործում և համարվում է դրա գլխավոր հովանավորներից մեկը։
Համարվում է ամենախոշոր ներդրողը Լեռնային Ղարաբաղի ժամանակակից պատմության մեջ։ Նրա ծրագրերն իրագործվել են Ստեփանակերտում, Մարտակերտի շրջանի Վանք գյուղում։ Գործարարի միջոցներով 2000-2002 թվականներին վերակառուցվել է հայկական հռչակավոր Գանձասարի վանական համալիրը (13-րդ դար ), որը ներկայիս օրերում Ղարաբաղի ամենաբարեկարգված սրբավայրերից մեկն է համարվում։ Զգալի միջոցներ են ներդրվել Վանք գյուղի վանական համալիրի շրջակայքում տեղակայված ենթակառուցվածքների զարգացման գործում։ 2008 թ. հոկտեմբերի 16-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտին մոտ՝ հինավուրց Շուշիում և պատմական Գանձասարում բարերարը կազմակերպել է նորապսակների համատեղ պսակադրություն։ Այդ արարողությունը, 700 երիտասարդների մասնակցությամբ, իր տեսակով առաջինն էր ոչ միայն Արցախում, այլև ողջ Հայաստանում։ Մեծ հարսանիքի օրը 200 զույգ պսակադրվել է Գանձասարի վանքում։ Մի քանի ժամ անց ևս 500 զույգ պսակադրվել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում։
Հիշեցնենք, որ Լ. Հայրապետյանը դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման: 2016-ին նա տեղափոխվել էր Մորդովայի բանտ, որը համարվում է Ռուսաստանի ամենասարսափելի բանտերից մեկը:
Լևոն Հայրապետյանը մեղադրվում է իրավաբան Սերգեյ Անտոնովի հետ Բաշկիրիան ներկայացնող նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից` իր որդու դատավճիռը մեղմելու նպատակով 700 000 դոլար վերցնելու մեջ: Ըստ քննության, Հայրապետյանը գումարը վերցնելուց հետո էապես չի կարողացել ազդել դատավճռի մեղմման վրա, ինչի արդյունքում Իզմեստևը դատապարտվել է ցմահ ազատազրկման` մի շարք ծանր հացագործությունների իրականացման համար:
Հայրապետյանը ձերբակալվել է 2014թ. հուլիսին` Իզմեստևի խոստովանական ցուցմունքներից հետո: