«Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ-ի Արևմտյան շրջանից բարերար Հակոբ Բաղդասարյանի և ԱՀ կառավարության համաֆինանսավորմամբ Ասկերանի շրջանի Քռասնի գյուղում կառուցվում է համայնքային կենտրոն:
Ասկերանի շրջանի Քռասնի գյուղում համայնքային կենտրոն է կառուցվում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Հայաստան» համահայկական հիմնադրամի Արցախի գրասենյակի ղեկավար Վալերի Ղազարյանն ասել է, որ համայնքային կենտրոնը լինելու է երկհարկանի բազմաֆունկցիոնալ շինություն, որն իր մեջ ներառելու է գյուղապետարան, հանդիսությունների դահլիճ, գրադարան, համակարգչային սենյակ, բուժկետ և նախասրահ: Շենքը կկահավորվի, կունենա ջեռուցման և օդափոխության համակարգ:
«Գյուղապետարանի գործող շենքը գտնվում է վթարային վիճակում, ուստի խիստ անհրաժեշտություն կար նոր համայնքային կենտրոն կառուցելու: Նոր կենտրոնի շինարարական աշխատանքները սկսվել է ընթացիկ տարվա մարտ ամսին և նախատեսվում է շահագործման հանձնել 2018 թվականի սեպտեմբերին»,- ասել է Վ. Ղազարյանը և ավելացրել, որ համայնքային կենտրոնները շատ կարևոր նշանակություն ունեն Արցախի գյուղական տարածքների սոցիալ-տնտեսական զարգացման համար: