Իրանը կարող է մեծացնել իր հրթիռների հեռահարությունը, որպեսզի դրանք կարողանան հասնել Եվրոպա, եթե եվրոպական երկրների կողմից Թեհրանին ուղղված սպառնալիքները չդադարեն, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահակազորի փոխհրամանատար, բրիգադի գեներալ Հուսեյն Սալամին։
Իրանը Եվրոպայի հնարավոր սպառնալիքներին պատասխանելու պատրաստակամություն է հայտնել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Մենք դեռևս սպառնալիքներ չենք զգում Եվրոպայի կողմից, մենք չենք մեծացնում մեր հրթիռների թռիչքի հեռավորությունը։ Սակայն եթե Եվրոպան ցանկանա մեզ սպառնալ, մենք կմեծացնենք հեռահարությունը»,- 1in.am-ի փոխանցմամբ՝ նրա խոսքերն է մեջբերում Fars գործակալությունը։
Սալամիի խոսքով՝ իրանական հրթիռները ներկայում ունեն 2000 կմ թռիչքի հեռավորություն։ Գեներալը նշել է, որ նման հեռավորությունը սահմանվել է ոչ թե տեխնիկական պատճառներով, այլ համապատասխան Իրանի ռազմական դոկտրինայի, որը կարող է վերանայվել։
Ավելի վաղ Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով հայտարարել էր, որ Եվրոպան կպահպանի հանձնառությունն Իրանի հետ գործարքին, այլապես Թեհրանը կարող է միջուկային զենք ստանալ, ինչը չի կարելի թույլ տալ։