Արցախի խորհրդարանը նոյեմբերի 30-ին գումարել է վեցերորդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը:
Նախագահ Սահակյանը Խորհրդարանում պատգամավորների հարցադրումների վերաբերյալ որոշ պարզաբանումներ է տվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Բացելով նիստը՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն անդրադարձել է հանձնաժողովներում և խմբակցություններում 2018թ-ի բյուջեի նախնական քննարկումներին և օրենսդրական նախաձեռնությունների ուղղությամբ տարվող աշխատանքներին:
Սկսելով նիստի աշխատանքները՝ խորհրդարանը լսել է հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանի ներկայացրած 2018 թվականի տարեկան գործունեության ծրագիրը:
Նիստի հաջորդ հատվածում պետական նախարար Արայիկ Հարությունյանը պատասխանել է Արցախի Հանրապետության նախագահին հասցեագրված՝ Արցախի կառավարության երաշխավորությամբ տրված վարկային երաշխիքների մասին «Վերածնունդ» խմբակցության հարցապնդմանը:
Պետական նախարարը նշել է, որ Արցախի կառավարության կողմից բյուջետային երաշխիքները տրամադրվել են հիմնականում Արցախի ներդրումային և գյուղի ու գյուղատնտեսության աջակցության հիմնադրամներին, ինչպես նաև մի շարք պետական և մասնավոր ընկերությունների՝ գործող օրենսդրության շրջանակներում:
Անցնելով օրինագծերի քննարկմանը՝ խորհրդարանը լսել և քննարկել է «Քաղաքացիական ծառայության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը, որը ներկայացրել է քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Բորիս Առուշանյանը: Համաձայն զեկուցողի՝ նախագծի ընդունումը նպատակ ունի հստակեցնել քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար անհրաժեշտ աշխատանքային ստաժի և փորձի չափանիշները:
Օրինագիծն ընդունվել է խորհրդարանի կողմից:
Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Կարեն Ներսիսյանը խորհրդարանին է ներկայացրել Արցախի Հանրապետության 2018-2020 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը, որը ներառում է պետական վիճակագրական գործունեության հիմնական ուղղությունները՝ ըստ երկրի տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական և բնապահպանական բնագավառների:
Գլխադասային երկու՝ սոցիալական և առողջապահության հարցերի ու արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովների դրական եզրակացությունից հետո խորհրդարանը հաստատել է ծրագիրը:
Պատգամավորական հայտարարությամբ հանդես են եկել Գագիկ Բաղունցը և Հայկ Խանումյանը:
Ընդմիջումից հետո նիստը շարունակվել է Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, պետական նախարարի և նախարարների մասնակցությամբ: «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն՝ ԱՀ նախագահը և գործադիր իշխանության ներկայացուցիչները պատասխանել են պատգամավորների հարցերին:
Հնչել են էլեկտրաէներգիայի սակագնի, կենսաթոշակների ավելացմանը, շրջկենտրոններում գազաֆիկացման ծրագրերի շարունակականությանը, դպրոցաշինությանը, փախստականների բնակարանային ապահովմանը, Հադրութ քաղաքում ճանապարհների բարեկարգման աշխատանքներին, դպրոցում երեխաների ծանրաբեռնվածությանը, հանրակրթական ծրագրերի վերանայման անհրաժեշտությանը, հուշարձանների պահպանությանը, խաղողագործությանը և այլ թեմաների վերաբերյալ հարցեր:
Նախագահ Բակո Սահակյանը, նիստի ավարտին, որոշ պարզաբանումներ է տվել պատգամավորների հնչեցրած հարցադրումների վերաբերյալ: