2017 թվականին ԱՀ և ՀՀ առողջապահության նախարարությունների համագործակցության արդյունքում կազմակերպվել են 60-ից ավելի «բաց դռների օրեր», որոնց շրջանակներում 11 ամսվա կտրվածքով կատարվել է 4100 խորհրդատվություն և 265 վիրահատություն:
«Բաց դռների օրեր»-ի շրջանակներում Արցախում կատարվել է 265 վիրահատություն. առողջապահության նախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին նոյեմբերի 30-ին կայացած 6-րդ գումարման ԱՀ Ազգային ժողովի լիագումար նստաշրջանի՝ օրենսդիր-գործադիր հարց ու պատասխանի ժամանակ, ասել է ԱՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը:
ԱԺ «Հայրենիք» խմբակցության պատգամավոր Արամ Գրիգորյանի ներկայացրած ԱՀ և ՀՀ առողջապահական համակարգերի միջև համագործակցության և կատարվող «բաց դռների օրեր»-ի շրջանակներում բժիշկների կատարած այցերի մասին շրջանների բնակչության չիրազեկվածության մասին հարցին ի պատասխան Կարինե Աթայանն ասել է, որ 2017 թվականի 11 ամսվա կտրվածքով «բաց դռների օրեր»-ի շրջանակներում կատարված 265 վիրահատություններից 119-ը շրջաններում էին:
Կ. Աթայանը նշել է, որ մասնագետների այցերի մասին հայտարարությունները նախօրոք տեղադրվում են առողջապահության նախարարութան կայքում, հեռարձակվում հեռուստատեսությամբ, ինչպես նաև տեղեկացվում են բոլոր բուժհիմնարկները, այդ թվում՝ շրջանային հիվանդանոցները:
«Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ հիվանդներին պատրաստում ենք նախօրոք և պայմանավորվածություն է ձեռք բերվում մասնագետների հետ կոնկրետ այդ վիրահատությունների համար: Այս օրերին Երևանից ժամանած բժիշկների կողմից իրականացվում են վիրահատություններ Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոցում. այդ այցի շրջանակում 4-ական հիվանդ վիրահատվելու է ուրոլոգիայի և օրթոպեդիայի գծով»,- ավելացրել է առողջապահության նախարարը: