Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին Արցախ այցելած օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է՝ շուրջ 40 տոկոսով, իսկ 2015թ.-ի համեմատ 28 տոկոսով:
Զբոսաշրջության զարգացման համար խրախուսելու ենք «BnB» կարգի հյուրատների ստեղծմանը. նախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը՝ նշելով, որ դեռևս չամփոփած տվյալներով արդյունքները գոհացուցիչ են և մինչև տարեվերջ այն դեռևս աճելու է:
Նախարարի խոսքով՝ ոլորտի զարգացումը մշտապես գտնվում է պետության ուշադրության կենտրոնում:
«ԱՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ 2017 թվականին իրականացվել են Հադրութի շրջանի Տող գյուղի Մելիքական ապարանքի տարածքի բարեկարգման և հարմարեցման աշխատանքներ: Մինչև տարեվերջ նախատեսվում է ավարտին հասցնել Ասկերանի բերդի հյուսիս-արևելյան հատվածի վերականգնման աշխատանքները: Մասնավոր ֆինանսավորմամբ՝ ընթացիկ տարում վերականգնման աշխատանքներ են իրականացվել ԱՀ Մարտունու շրջանի Մուշկապատ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու, Շուշիի Վերին մզկիթի հարևանությամբ գտնվող Մեդրեսեի շենքի և Դադիվանքի վանական համալիրի տարածքում»,- ասել է Շահվերդյանը և նշել, որ Մուշկապատի եկեղեցու վերականգնման աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են, իսկ Դադիվանքի վանական համալիրի և Մեդրեսի շենքի վերականգնման աշխատանքները նախատեսվում է շարունակել հաջորդ տարի:
2018 թվականին ԱՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ծրագրված է վերականգնել նաև Ասկերանի բերդի միջնաբերդի հատվածը, ինչպես նաև հռչակավոր Գտչավանքի գլխավոր եկեղեցու և գավիթի տանիքները:
«Հիմնականում բոլոր զբոսաշրջավայրերը, որոնք ընդգրկված են Արցախի զբոսաշրջային երթուղիների ցանկում, գտնվում են բարեկարգ վիճակում կամ էլ բարեկարգման ընթացքի մեջ են: Հաջորդ տարի շարունակելու ենք այս տարի գործարկված «ՏուրԲուս» զբոսաշրջային ուղևորափոխադրումները, քանի որ համարում ենք, որ հաջողված նախագիծ է: Նոր երթուղիների մասին դեռ վաղ է խոսել. ստույգ ժամկետները ճշտելուց հետո այն կներկայացվի հանրությանը»,- ասել է Շահվերդյանը:
Խոսելով գալիք տարում իրականացվելիք աշխատանքների մասին՝ նախարարը նշել է, որ գյուղական համայնքներում զբոսաշրջության զարգացման համար խրախուսելու են օրինակ՝ «BnB» կարգի հյուրատների ստեղծմանը: Բացի այդ, մեծ ուշադրություն է դարձվելու թվային մարքեթինգի միջոցով Արցախի բրենդի տարածմանը, ինչը համացանցային տիրույթում ավելի կնպաստի Արցախի ճանաչելիությունը: Այս ուղղությամբ նախատեսվում է Հայաստանի և արտերկրից զբոսաշրջության բնագավառի մասնագետների հետ խորհրդատվություններ: