Չորեքշաբթի գիշերը Լեհաստանի սեյմի պատգամավորները վստահության քվե են տվել Մատեուշ Մորավեցկու ղեկավարած նոր կառավարությանը, ինչը կառավարությունը փոխելու համար անհրաժեշտ երկրի օրենսդրությամբ նախատեսված վերջին ընթացակարգն էր:
Լեհաստանի նոր կառավարությունում փոխվել է միայն վարչապետը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Վստահության քվեին կողմ է քվեարկել 243 պատգամավոր, դեմ՝ 192, ոչ մի ձեռնպահ չի եղել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Անցած շաբաթ Բեատա Շիդլոյի ղեկավարած Լեհաստանի կառավարությունը հրաժարական էր ներկայացրել: Երկրի նախագահ Անջեյ Դուդան վարչապետի պաշտոնում առաջարկել էր իշխող «Իրավունք եւ արդարություն» կուսակցության ներկայացուցիչ, փոխվարչապետ Մատեուշ Մորավեցկու թեկնածությունը: Նոր կառավարությունը երկուշաբթի երդվել է: Ի դեպ, բոլոր նախարարները մնացել են իրենց պաշտոններում: Միակ տեղափոխությունը եղել է փոխվարչապետ Մորավեցկու, որը հիմա վարչապետն է, եւ վարչապետ Բեատա Շիդլոյի միջեւ, որը հիմա կզբաղեցնի փոխվարչապետ պաշտոնը: