ԱՄՆ-ում գործող «Հայրենասեր» բարեգործական, հասարակական կազմակերպությունը Քաշաթաղի շրջանում իրականացրել է կենսական նշանակության մի շարք ծրագրեր:
«Հայրենասեր»-ն իր հայրենասեր գործունեությամբ Քաշաթաղում կշարունակի տրամադրություն փոխել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Հայրենասեր» բարեգործական, հասարակական կազմակերպության համահիմնադիր Ստեփան Սարգսյանն ասել է, որ ընթացիկ տարում հիմքից կառուցել են Մուշի և Ալաշկերտի դպրոցները, Իշխանաձոր համայնքում՝ մարզադաշտ և խաղահրապարակ, իսկ «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ՝ Հակի դպրոցը:
«Մինչև վերակառուցումը, դպրոցը գտնվում էր խիստ անբարեկարգ և երեխաների համար վտանգավոր վիճակում, իսկ շինության մի մասը լիովին ավերված էր: Դպրոցը հիմնովին վերանորոգվել է` կառուցվել է նոր տանիք, նորոգվել է հատակը, տեղադրվել են նոր պատուհաններ և դռներ, սանհանգույցներ, ինչպես նաև կատարվել են ընդհանուր վերանորոգման աշխատանքներ, ինչի շնորհիվ շինությունն ավերակներից վերածվել է բարեկարգ, ապահով և լուսավոր կրթօջախի»,- նշել է Ս. Սարգսյանը:
Նրա խոսքով՝ կազմակերպությունը Քաշաթաղի շրջանում կառուցել է նաև երկու ապաստարան, որոնցից մեկը շրջանի քաղաքացիական պաշտպանության կառավարման կետն է:
Ս. Սարգսյանն ասել է, որ վերանորոգման աշխատանքներ են իրականացվել նաև Բերձորի գրադարանում և թանգարանում:
Խոսելով ընթացիկ ծրագրերի մասին՝ նա նշել է, որ ներկայումս կազմակերպության շնորհիվ Հոչանց գյուղում վերանորոգվում է հրդեհի արդյունքում այրված բնակարան, իսկ 2018 թվականի գարնանը մեկնարկելու են Մոշաթաղի դպրոցի և Բերձորի մարզադպրոցի վերանորոգման շինարարական աշխատանքները:
«Նշված ծրագրերից բացի, ընթացիկ ամբողջ տարվա ընթացքում «Հայրենասեր»-ը 2016 թվականի ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ զոհված 16 զինծառայողների ընտանիքների ամսական տրամադրել է 300-ական ԱՄՆ դոլար աջակցություն»,- ասել է Ս. Սարգյանը: