Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ամանորյա քաղաքի՝ «Կաղանդավան»-ի հիմնումը հնարավորություն կտա հասարակության բոլոր խավերին ու տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչներին՝ նախատոնական օրերը հետաքրքիր և յուրօրինակ կերպով անցկացնելու:
Կաղանդավանի հիմնումն ազդարարվելու է տոնական շքերթով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին կայացած տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ մշակույթի, երիտասարդության և զբոսաշրջության հարցերի նախարար Սերգեյ Շահվերդյանը:
Նա նշել է, որ բացի ավանդական դարձած տարեվերջյան միջոցառումներից, այս տարի առաջին անգամ հանրապետության հրապարակում տեղադրվող ամանորյա տնակներից («Կաղանդավան) այցելուները կարող են կատարել իրենց տոնական գնումները:
«Արցախի սահմանամերձ գյուղերի բնակիչները ևս կարող են վաճառել իրենց կողմից պատրաստված հուշանվերները, ինչպես նաև դրան մասնակցել կարող են ուսումնական հաստատություններում սովորող աշակերտները և մանկատան սաները»,- ասել է Ս. Շահվերդյանը:
Նախարարը նշել է, որ, ընդհանուր առմամբ, տեղադրվելու են 16 տաղավարներ, որոնցից ամենագլխավորը հատկացվելու է Կաղանդ պապին. երեխաները կարող են այցելել, պատմել իրենց ամանորյա իղձերի մասին:
Տաղավար է հատկացվելու նաև փոքրիկների համար, որտեղ նրանք հմուտ ուսուցիչների հսկողությամբ կարող են պատրաստել ամանորյա խաղալիքներ:
Ս. Շահվերդյանի խոսքով՝ մայրաքաղաքն ապրելու է իր ամանորյա մշակութային կյանքով դեկտեմբերի 18-ից սկսած, իսկ «Կաղանդավան»-ի հիմնումն այդ օրն ազդարարվելու է տոնական շքերթով, որի գլխավոր հերոսները լինելու են երեխաները:
Այն մեկնարկելու է Վերածննդի հրապարակից և ընդգրկելու է Ազատամարտիկների փողոցը, որտեղ տեղի է ունենալու քայլերթ՝ հատուկ տարազներով:
«Ամանորյա միջոցառումներն ամփոփվելու են Վերածննդի հրապարակում դեկտեմբերի 31-ին՝ տոնական համերգով, որի տրամաբանական շարունակությունը լինելու է Սուրբ Ծննդյանը նվիրված միջոցառումը»,-ասել է Ս. Շահվերդյանը:
Նշենք, որ ծրագիրն իրականացվում է «Արդշինբանկ», «Բեյզ Մեթըլս», «Ղարաբաղ Տելեկոմ», «Արցախէներգո» ՓԲԸ-ների, «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի և սփյուռքահայ բարերար Պիեռ Բաղդադյանի աջակցությամբ: