Դեկտեմբերի 28-ին, ժամը 11:00-ին Ստեփանակերտի «Վալլեքս Գարդեն հոթել» հյուրանոցային համալիրում տեղի է ունենալու «Արցախի ազգային վիճակախաղ»-ի հինգերորդ թողարկման խաղարկությունը:
Դեկտեմբերի 28-ին տեղի կունենա «Արցախի ազգային վիճակախաղ»-ի հերթական խաղարկությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Արցախի ազգային վիճակախաղ» ՓԲԸ տնօրեն Ալեքսանդր Արզումանյանն ասել է, որ շրջանառության մեջ դրված 60 հազար տոմսերից ընդհանուր առմամբ՝ Արցախում և Հայաստանում իրացվել է 30 հազար 226-ը:
Տնօրենը նշել է, որ խաղարկության ընթացքն ուղիղ եթերով կհեռարձակվի վիճակախաղի պաշտոնական կայքէջով. այնտեղ կտեղադրվեն նաև շահած բոլոր տոմսերի համարները:
Խոսելով վիճակախաղի այս տարվա համար խաղարկվող շահումների մասին՝ Ա. Արզումանյանը նաև տեղեկացրել է, որ մրցանակային ֆոնդի շուրջ 131 մրցանակներից 81-ն արցախյան արտադրության տարբեր չափսերի գորգեր են, 20-ը` թթի փայտից պատրաստված 10 լիտրանոց տակառներ՝ լցված թթի օղիով,10 հատ Արմֆոն հեռախոսներ և 20 հատ էլ 25 հազար դրամ:
«Վիճակախաղի արդյունքում ստացված ամբողջ հասույթն այս տարի կուղղվի Արցախում որևէ սոցիալական ծրագրի իրականացման գործին»,- ավելացրել է Ա. Արզումանյանը և հավելել, որ 2018 թվականին տեղի է ունենալու նաև բոնուսային շահումային ֆոնդի խաղարկություն, որը ձևավորվել է 2016 թվականի խաղարկության արդյունքում:
Նշենք, որ 2013թ-ին մեկնարկած վիճակախաղի ընթացքում հավաքագրված ֆինանսական միջոցները ուղղվել են Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքում բնակարանների կառուցմանը: