Երևանի և Ստեփանակերտի միջև համագործակցության 2018 թվականի ծրագրի առնչությամբ հարցեր են քննարկվել հայկական երկու հանրապետությունների մայրաքաղաքների համագործակցության աշխատանքային խմբի ղեկավար, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանի և Ստեփանակերտի քաղաքապետի տեղակալներ Սուրեն Թամրազյանի ու Արմեն Հակոբյանի հետ կայացած հանդիպման ընթացքում:
Աշխատանքային քննարկում է կայացել Երևանի և Ստեփանակերտի միջև համագործակցության 2018թ. ծրագրի շուրջ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հանդիպմանը մասնակցել են Երևանի քաղաքապետարանի առանձին ստորաբաժանումների և Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչներ, ինչպես նաև Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով Ստեփանակերտի քաղաքապետարանի պատվիրակության անդամներին՝ Դավիթ Գևորգյանը նշել է, որ Ստեփանակերտի հետ 2012 թվականից սկսած համագործակցության ընդլայնումը Երևանի քաղաքապետարանը շարունակում է դիտարկել որպես երկու մայրաքաղաքների, ինչպես նաև Երևանի վարչական շրջանների ու Արցախի շրջանների միջև բարեկամության ամրապնդման կարևոր բաղադրիչներից մեկը: Ըստ այդմ, նշվել է, որ 2018 թվականին ևս կշարունակվեն ինչպես Ստեփանակերտի, այնպես էլ Արցախի Հանրապետություն շրջանների միջև փոխգործակցության ամրապնդմանը միտված բոլոր ծրագրերը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ստեփանակերտի քաղաքապետի տեղակալ Սուրեն Թամրազյանն իր հերթին ուրախությամբ փաստել է, որ ինչպես հայկական երկու պետությունների մայրաքաղաքների, այնպես էլ Երևանի և Արցախի Հանրապետության շրջանների բազմակողմ համագործակցությունն անընդհատ ընդլայնվում է՝ բացելով նոր ուղղություններ ու հեռանկարներ: Երևանի և Ստեփանակերտի միջև 2015-2020 թվականների համագործակցության ծրագրով կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու ակտիվ փոխգործակցությունը ճարտարապետության և քաղաքաշինության, սոցիալական, կրթության, առողջապահության, բնապահպանության և այլ ոլորտներում: