Արցախի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված առողջապահության բնագավառի ծախսերը կազմել են 5 մլրդ. 996,5 մլն դրամ, որն անցած տարվա համախառն ներքին արդյունքում կազմում էր 2.4 տոկոս, իսկ ԱՀ պետական բյուջեում` 6.4 տոկոս:
Կատարողականը կազմել է 98.3 տոկոս. առողջապահության նախարարը ամփոփել է 2017թ.-ի արդյունքները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, ասել է ԱՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը՝ 2017 թվականին առողջապահության համակարգում կատարված աշխատանքներին նվիրված ամփոփիչ մամուլի ասուլիսին:
Անդրադառնալով բյուջեի կառուցվածքին՝ նախարարը պարզաբանել է, որ բժշկական ապրանքների, սարքերի և սարքավորումների համար ծախսվել է շուրջ 209 մլն 339 հազար դրամ, արտահիվանդանոցային ծառայությունների՝ 2 մլրդ 386 մլն 681 հազար դրամ, հիվանդանոցային ծառայությունների՝ 2 մլրդ 485 մլն 787 հազար դրամ, հանրային առողջապահական ծառայությունների՝ 306 մլն 541 հազար դրամ, այլ դասերին չպատկանող՝ 608 մլն 110 հազար դրամ: Ընդհանուր առմամբ՝ 2017թ.-ի կատարողականը կազմել է 5 մլրդ 897 միլիոն 195 հազար դրամ. բյուջեն կատարվել է 98.3 տոկոսով: