2017 թվականին հանրապետության բուժհիմնարկներում արձանագրվել են մոտ 500 հազ. ամբուլատոր հաճախումներ՝ 2016 թվականի 450 հազ.-ի դիմաց:
Անցած տարի հանրապետության բուժհիմնարկներում արձանագրվել են մոտ 500 հազ. ամբուլատոր հաճախումներ. նախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ հունվարի 25-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը՝ ավելացնելով, որ 2017 թվականին հիվանդանոցային բուժօգնություն է ստացել 19 հազ. 882 քաղաքացի՝ 2016 թվականի 19 հազ. 209-ի փոխարեն:
Նախարարը նշել է, որ բնակչության լիարժեք բուժսպասարկման համար 2017 թվականին տարեկան կտրվածքով կատարվել են 207 հազ. 734 լաբորատոր-գործիքային հետազոտություններ և ավելի քան 24 հազ. դժվարամատչելի հետազոտություններ:
«Հիվանդությունների վաղ հայտնաբերման ուղղությամբ իրականցվել են մի շարք ծրագրեր, այդ թվում թոքային ախտահարումների բացահայտման նպատակով կատարվել են 17 հազ. 424 ֆլյուորոգրաֆիկ հետազոտություններ, արգանդի վզիկի քաղցկեղի բացահայտման նպատակով՝ 803 հիստոլոգիական հետազոտություններ, կրծքագեղձի քաղցկեղի բացահայտման նպատակով՝ 2 հազ. 349 մամոգրաֆիա և ոսկրանյութի խտությունը որոշելու համար՝ 483 դենսիտոմետրիա»,- ասել է Կ. Աթայանը:
Խոսելով դժվարամատչելի հետազոտությունների մասին՝ նախարարը պարզաբանել է, որ մասնավորապես համակարգչային շերտագրիչի միջոցով հետազոտվել են 2 հազ. 537 քաղաքացիներ, անգիոգրաֆիայի միջոցով հետազոտվել է 491 անձ, կատարվել է 373 կորոնարոգրաֆիա և 182 ստենտավորում, համակարգչային շերտագրիչի միջոցով հետազոտվել է 2537 անձ՝ 2016 թվականի 2395 անձի դիմաց, որի արդյունքում կատարվել է 4705 հետազոտություն 2016 թվականի 4237 հետազոտության դիմաց»,- ասել է Կ. Աթայանը և ավելացրել, որ, համաձայն Հանրապետության նախագահի հանձնարարականի, 2017 թվականին վերանայվել են անգիոգրաֆիայի միջամտությունների և հետազոտությունների գները, և ներկայումս կորոնարոգրաֆիան կատարվում է, նախկին 230 հազ. դրամի փոխարեն, 150 հազ. դրամով, սրտի պլանային վիրահատությունը 1 ոչ դեղապատ ստենտի տեղադրմամբ, նախկին 1 մլն 150 000 դրամի փոխարեն, 800 000 դրամով, սրտի վիրահատություն 1 դեղապատ ստենտի տեղադրումով, նախկին 1 մլն 850 000 դրամի փոխարեն, 1 մլն 100 000 դրամով, սրտի վիրահատությունը՝ 2-րդ և ավելի ստենտի տեղադրումներով, նախկին 2 մլն 850 հազ. դրամի փոխարեն, 1 մլն 600 հազ դրամով, ընդ որում՝ 2-րդ և ավելի ստենտի տեղադրման համար սահմանված է 500 հազարական դրամ:
ԱՀ առողջապահության նախարարը նշել է նաև, որ կորոնարոգրաֆիկ հետազոտության ու պլանային կարգով ստենտի տեղադրման համար քաղաքացին վճարում է արժեքի 40 տոկոսը, անհետաձգելի դեղապատ ստենտի տեղադրման դեպքում՝ արժեքի 30 տոկոսը, իսկ անհետաձգելի ոչ դեղապատ ստենտի տեղադրումը, ինչպես նաև վերը նշված դեպքերի գումարի մյուս մասն իրականացվում է պետական պատվերի շրջանակներում:
Ընդհանուր առմամբ՝ պետության կողմից անգիոգրաֆիայի ծառայության համար 2017 թ.-ին հատկացվել է 177 308,0 հազ. դրամ:
2017 թվականին հանրապետության բուժհիմնարկներում կատարվել են 6078 վիրահատություններ, որոնցից 4708-ը՝ ստացիոնար և 1370-ը՝ ամբուլատոր:
Կ. Աթայանի խոսքով՝ ամենամյա առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում շարունակվել է բնակչության առողջության առաջնային պահպանման ապահովումը: Իրականացվել են առաջնային բուժօգնության որակի բարձրացմանն ուղղված միջոցառումներ` հատուկ ուշադրություն դարձնելով գյուղական բնակչության կարիքներին: