Համագործակցելով «Արագիլ» բարեգործական հիմնադրամի հետ 2017 թվականին Արցախից ընդգրկված 138 խնդիրներ ունեցող զույգերից 56-ը արհեստական բեղմնավորման ցուցումով ուղարկվել են Երևան, որոնցից 54-ը դրական արդյունքներ ունեն:
Անցած տարի «Արագիլ»-ը Արցախին 51 երեխա է պարգևել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ հունվարի 25-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը՝ մանրամասնելով, որ 49-ը արդեն ծննդաբերել են 51 երեխա, իսկ 5-ը կծծնդաբերեն առաջիկայում:
Նախարարի խոսքով՝ 2017 թվականի դեկտեմբերին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի և «Արագիլ» հիմնադրամի կողմից Ստեփանակերտի «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ին է տրամադրվել գերձայնային հետազոտության սարք, որը հնարավորություն է տալիս առավել որակյալ զննել հղիության ընթացքը:
Կ. Աթայանը տեղեկացրեց նաև, որ տարվա ընթացքում Ստեփանակերտի «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում հատուկ ուշադրություն է դարձվել կանանց կոնսուլտացիայի աշխատանքներին՝ հղիների պարտադիր հետազոտման և վաղ հաշվառման ուղղությամբ, ինչպես նաև նեոնատալ բաժանմունքի աշխատանքներին: