Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի հուշարձանի մոտ այսօր տեղի է ունեցել Վրաստանի Ռուսթավ քաղաքում կայացած խառը մենամարտերի (MMA) աշխարհի առաջնությունում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած Արցախի «Արմֆայթինգ» ֆեդերացիայի մարզիկ Արմեն Հայրապետյանի դիմավորման արարողությունը:
Ստեփանակերտում դիմավորել են արցախցի չեմպիոն Արմեն Հայրապետյանին (տեսանյութ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Աշխարհի չեմպիոնին ծափահարություններով դիմավորել են ընկերներն ու երկրպագուները:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ա. Հայրապետյանն ասել է, որ մինչև առաջնությանը մասնակցելը, նա 5 ամիս մարզվել է Ստեփանակերտում, որից հետո այն շարունակել Երևանում:
Խոսելով իր ունեցած մենամարտի մասին՝ մեր զրուցակիցն ասել է. «Առաջին ռաունդի 26 վարկյանին տեխնիկական նոկաուտի եմ ենթարկել Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող մարզիկ Արսլանալի Կաջիմուրզաևին և հաղթանակ գրանցել՝ արժանանալով ոսկե մեդալի, գոտու և պատվոգրի: Ինձ՝ արցախցի մարզիկիս, պատիվ է մասնակցել նման առաջնության և դառնալ աշխարհի չեմպիոն»:
Ա. Հայրապետյանն ավելացրել է, որ իր հաղթանակը նվիրում է հայոց բանակին:
«Սպորտի աշխարհում երբեք չպետք է եղածով բավարարվել: Միշտ պետք է առաջ ընթանալ և նոր հաղթանակներ ձեռք բերել՝ ինչն էլ ապագայում անելու եմ ես: Միշտ էլ հաճելի է, երբ հաղթանակ ես գրանցում՝ բարձր պահելով քո երկրի անունն ու պատիվը»,-նշել է մարզիկը:
Նշենք, որ առաջնությանը մասնակցել են աշխարհի 22 երկիր ներկայացնող մարզիկներ: