Պոլսո հայոց պատրիարքի ընտրության կազմակերպման նպատակով ստեղծված նախաձեռնող խումբը դատական հայց է ներկայացրել Թուրքիայի ներքին գործերի նախարարության դեմ։
Պոլսո հայոց պատրիարքի ընտրության նախաձեռնող խումբը դատի է տվել Թուրքիայի ՆԳՆ–ին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ստամբուլի հայկական «Ակոս»–ի փոխանցմամբ՝ Պոլսո հայոց պատրիարքի ընտրության նախաձեռնող խումբը պատրիարքի ընտրության անցկացման հետ կապված ավելի վաղ դիմում էր ներկայացրել Ստամբուլի նահանգապետարան եւ ՆԳՆ, սակայն որեւէ պատասխան չէր ստացել։ Այս իրավիճակում իրավունքները չկորցնելու համար նախաձեռնող խումբը որոշում է կայացրել դատական հայց ներկայացրել ՆԳՆ–ի դեմ։
Այս որոշումը միանշանակ չի ընդունվել նախաձեռնող խմբի ներսում, որից հետո 4 անդամ հրաժարական են տվել, փոխանցում է news.am-ը:
Նշենք, որ այս դեպքից հետո Ստամբուլի հայ համայնքի հիմնադրամների նախագահները եւ նախաձեռնող խմբի խոսնակը հրավիրվել են Ստամբուլի նահանգապետարան, որտեղ հանդիպմանը ներկա է լինելու նաեւ ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն։