Փետրվարի 16-18-ը Կազանում ընթանալու է բադմինտոնի մինչև 15 տարեկանների Եվրոպայի անհատական առաջնությունը, որին մարզիչ Էլեոնորա Մեսրոպյանի ղեկավարությամբ Հայաստանը կներկայացնեն 2 բադմինտոնիստուհիներ` Գայանե Մամաջանյանն ու Սվետլանա Բոյաջյանը:
Պատանի բադմինտոնիստները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թաթարստանի մայրաքաղաք Կազանի Gymnastics Centre մարզապալատում, ուր անցկացվել է նաև բադմինտոնի 2016թ Եվրոպայի առաջնությունը, փետրվարի 13-18-ը ընթանալու է նաև մեծահասակների բադմինտոնի 2018 թ. Եվրոպայի թիմային առաջնությունը:
Ինչպես հայտնում են Հայաստանի բադմինտոնի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից, Հայաստանն այս ստուգատեսին տղամարդկանց և կանանց ՀՀ հավաքականներ չի ներկայացնելու:
Իսկ ահա մեծահասակների բադմինտոնի Եվրոպայի անհատական առաջնությունը կայանալու է ապրիլի 24-29-ը Իսպանիայի Հուելվա քաղաքում: Այս ստուգատեսին մասնակցելուն հավակնում է անցյալ տարվա սեպտեմբերի 1-ից Դանիայի Հոլբեկ քաղաքում մարզաձևի եվրոպական համադաշնության Centre of Excellence մարզումային ճամբարում քառամյա ծրագրով վարպետությունը կատարեգործող բադմինտոնի կանանց մենախաղի ՀՀ՝ 8-ակի, զուգախաղի՝ 7-ակի չեմպիոնուհի, 21-ամյա Լիլիթ Պողոսյանը:
Ունեցած համեմատաբար բարձր վարկանիշի շնորհիվ Լիլիթն իրավունք էր ստացել մասնակցելու կանանց 2016թ և 2017թ Եվրոպայի անհատական առաջնություններին: Իսկ հանդես կգա՞ արդյոք նա նաև 2018թ Եվրոպայի անհատական առաջնությանը՝ կպարզվի այս ամսվա վերջին, երբ բադմինտոնի եվրոպական համադաշնությունը հրապարկի կանանց Եվրոպայի առաջնության մասնակիցների վերջնական կազմը:
Հավելենք, որ Լիլիթ Պողոսյանը բադմինտոնի միջազգային ֆեդերացիայի` BWF-ի կանանց մենախաղի դասակարգման ցուցակում այժմ զբաղեցնում է 392-րդ, իսկ եվրոպական դասակարգման աղյուսակում` 196-րդ հորիզոնականը: