ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը չի ցանկանում որպես տարբերակ դիտարկել խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամների դիերի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դատավարություն անցնող ադրբեջանցի դիվերսանտների փոխանակումը:
Կորյուն Նահապետյանը բացառում է ադրբեջանցի դիվերսանտներին վերադարձնելու տարբերակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Կորյուն Նահապետյանն, անդրադառնալով ուղղաթիռի անձնակազմի անդամների դիերը ադրբեջանցի դիվերսանտների հետ փոխանակելու հնարավորության վերաբերյալ հարցին, ընդգծեց, որ հակառակորդը կարող է նման ցանկություն ունենալ: «Բայց ես այս պահին չեմ էլ ցանկանում դա որպես տարբերակ դիտարկել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:
Պատգամավորն ընդգծեց, որ ադրբեջանցի պաշտոնյաները կարող են տարբեր հայտարարություններով հանդես գալ և տարբեր ցանկություններ հայտնել, սակայն օրակարգում ռազմական հանցագործներին վերադարձնելու հարց չկա:
Կորյուն Նահապետյանի խոսքով` բոլոր դեպքերում Հայաստանը պետք է շարունակի պահանջել, որպեսզի Ադրբեջանը պահպանի միջազգային նորմերը: «Եվ հենց այդ նորմերի հիման վրա էլ հակառակորդը պետք է վերադարձնի մեր զոհված օդաչուների դիակները»,- նշեց Նահապետյանը: