Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի նախաձեռնությամբ շրջկենտրոնում կազմակերպվել է «Ճանաչիր ինձ՝ իմ ունակություններով» խորագրով մանկապատանեկան նկարչության մրցույթ` նվիրված Արցախյան շարժման 30-րդ տարեդարձին:
Հադրութում կազմակերպվել է նկարչության մրցույթ՝ նվիրված Արցախյան շարժման 30-րդ տարեդարձին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Երազիկ Հայրիյանն ասել է, որ մրցույթին մասնակցել է Հադրութ քաղաքի և շրջանի համայնքների 6-13 և 14-18 տարիքային խմբերի ավելի քան 100 երեխա:
Ե.Հայրիյանի խոսքով՝ ներկայացված աշխատանքները պետք է արտահայտեին Արցախյան շարժման 30-ամյակի իմաստն ու էությունը, հոգեբանական տրամադրվածությունը, զգացմունքային լիցքը:
Մրցույթին ներկայացված աշխատանքներն ուղեկցվել են կարճ բացատրություններով. ի՞նչ է պատկերված, ո՞րն է աշխատանքում տեղ գտած մշակույթի տարրը և ինչպիսի՞ն է հեղինակի վերաբերմունքն աշխատանքի նկատմամբ:
Ըստ մեր զրուցակցի՝ մրցույթի նպատակն էր՝ նպաստել երեխաների հայ ազգագրության, երկրագիտության իմացությանը, նրանց կողմից ազգային աշխարհայացքի, առանձնահատկությունների, գեղագիտական արժեքների յուրացմանը, պատմական իրադարձությունների և հաղթանակի տոնի փաստերի արժևորմանը:
Մրցույթի լավագույն աշխատանքների հեղինակները պարգևատրվել են պատվոգրերով ու նվերներով:
Միջոցառմանը ներկա էին Հադրութի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Նվեր Գրիգորյանը, հադրութցի արվեստասեր հասարակության ներկայացուցիչներ: