Մարտի 15-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Վաշինգտոնում այցելել է Ազգային շահերի կենտրոն, հանդիպում ունեցել ամերիկացի մի խումբ գիտնականների ու փորձագետների հետ եւ հանդես եկել ելույթով:
Արցախի նախագահը Վաշինգտոնում հանդիպել է ամերիկացի գիտնականների ու փորձագետների հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես հաղորդում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից՝ նախագահ Սահակյանն անդրադարձել է Արցախում պետականաշինության գործընթացին, ներքին եւ արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցերին:
Նախագահը կարեւոր եւ օգտակար է համարել նման հանդիպումներն ու քննարկումները, նշելով, որ դրանք հնարավորություն են տալիս անմիջականորեն ծանոթանալու իրավիճակին եւ չեզոքացնելու դրան խոչընդոտող կարծրատիպերը:
«Ուզում եմ ընդգծել, որ մենք շահագրգռված ենք կայուն կապ հաստատելու առաջատար գիտահետազոտական կենտրոնների հետ, մշտապես խորացնելու եւ ընդլայնելու այն, ինչը դիտարկում ենք որպես միջազգային միտումներն ավելի լավ ըմբռնելու եւ հասկանալու, ինչպես նաեւ մեր երկրում գիտավերլուծական միտքը զարգացնելու կարեւոր ուղղություններից»,- ընդգծել է իր ելույթում Նախագահ Սահակյանը:
Հանդիպման վերջում Բակո Սահակյանը պատասխանել է ներկաների կողմից բարձրացված հարցերին: