Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը քննադատել է ռուս դիվանագետներին արտաքսման մասին երկրի կառավարության որոշումը:
Մոլդովայի նախագահը քննադատել է ռուս դիվանագետների արտաքսման մասին կառավարության որոշումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում, փոխանցում է «ՌԲԿ»-ն:
«Չափազանց վրդովված եմ ռուս դիվանագետներին երկրից արտաքսելու վերաբերյալ Մոլդովայի կառավարության որոշմամբ: Ես կտրականապես դատապարտում եմ այս հեթական հակառուսական սադրանքը», - news.am-ի փոխանցմամբ՝ գրել է նա: Դոդոնն ընդգծել է, որ Մոլդովան «որեւէ դաշինքային պարտավորություններ չունի Մեծ Բրիտանիայի եւ ՆԱՏՕ-ի այլ անդամների հանդեպ՝ բլոկային համերաշխության սկզբունքից ելնելով նման քայլեր ձեռնարկելու համար»:
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ ՆԱՏՕ-ի որոշ անդամ երկրները, ինչպիսիք են ԵՄ-ի մաս կազմող Ավստրիան, Սլովակիան եւ Թուրքիան, հրաժարվել են մասնակցել այս «կոլեկտիվ հակառուսական դեմարշին»: Դոդոնը հավաստիացրել է, որ կանի ամեն ինչ, որպեսզի երկու երկրների միջեւ հարաբերությունները «չտուժեն հակառուսական սադրանքի պատճառով»: «Սակայն ակնհայտ է, որ միայն այս աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո մենք կվերականգնենք ՌԴ-ի հետ ռազմավարական գործընկերությունը բոլոր մակարդակներում»,- ասել է նա: