Գերմանիայում անցկացվող Grenke Сhess Сlassic մրցաշարում ապրիլի 8-ին տեղի կունենան նախավերջին տուրի պարտիաները (մեկնարկը՝ Երեւանի ժամանակով 17:00-ին):
Grenke Сhess Сlassic. Արոնյանը նախավերջին տուրում կմրցի Կարուանայի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 8, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը սեւ ֆիգուրներով կմրցի ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ, որը 7 տուրից հետո 5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հայ գրոսմայստերը նրանից հետ է 1 միավոր:
Նախորդ 7 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի է խաղացել գերմանացի Գեորգ Մեյերի, աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի, չինուհի Հոու Յիֆանի, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի, աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի եւ ռուսաստանցի Նիկիտա Վիտյուգովի հետ, ինչպես նաեւ սպիտակներով հաղթել է Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչին:
Լեւոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի գործող հաղթողն է։ Նախորդ տարի նա 7 հնարավորից վաստակել էր 5.5 միավոր եւ միանձնյա գրավել առաջին տեղը։ Երկրորդ տեղը կիսել էին Մագնուս Կարլսենը եւ Ֆաբիանո Կարուանան, որոնք վաստակել էին 4-ական միավոր: