Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 9-ին հանդիպեց Հայաստանում համատեղության կարգով հավատարմագրված շուրջ երկու տասնյակ երկրների դեսպաններին, ովքեր Երևանում են ՀՀ Նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով։
Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Հայաստանում համատեղության կարգով հավատարմագրված դեսպաններին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով դեսպաններին` Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանի համար այս կարևոր իրադարձությանը ներկա գտնվելու համար։
Հանդիպմանն Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի սահմանադրական փոփոխությունները և կառավարման նոր համակարգը, երկրում ընթացող բարեփոխումները:
Քննարկվեցին Եվրասիական միության շրջանակներում համագործակցության արդյունքները, Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները։
ԱԳՆ ղեկավարն անդրադարձավ ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին և ուղղություններին, ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող համատեղ ջանքերը:
Դեսպանների հետ հանդիպմանը արծարծվեցին մերձավորարևելյան տարածաշրջանի զարգացումները, առկա խնդիրների կարգավորման ուղիները և փախստականների շուրջ ստեղծված իրավիճակը և նրանց խնդիրների լուծման ուղղությամբ ջանքերրը:
Հանդիպման օրակարգում էր նաև հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի և դրա շրջանակներում անցկացվելիք միջոցառումների նախապատրաստական աշխատանքները: