ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և ԱՀ քաղաքաշինության նախարարության աջակցությամբ հոկտեմբերին Ստեփանակերտում տեղի կունենա ճարտարապետների և ճարտարագետների համահայկական 4-րդ համաժողովը:
Արցախում տեղի կունենա ճարտարապետների և ճարտարագետների համահայկական 4-րդ համաժողով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը՝ նշելով, որ համաժողովին մասնակցելու են Արցախի, Հայաստանի և Սփյուռքի ճարտարապետները, ճարտարագետները և նախագծող կազմակերպությունների ներկայացուցիչները:
Նրա խոսքով՝ համաժողովն առիթ է ստեղծելու հայկական միջավայրին ներկայացնելու Արցախի ճարտարապետությունը, ինչպես նաև այն հարթակ է ստեղծելու Հայաստանում և սփյուռքում ապրող ճարտարապետների փորձի փոխանակման համար համագործակցության նոր ուղիներ ստեղծել:
Կ. Շահրամանյանի խոսքով՝ Արցախը համաժողովին ավելի ներկայանալի դարձնելու համար այժմ տարվում են նախապատրաստական աշխատանքներ:
Մեր զրուցակիցը տեղեկացրել է նաև, որ ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ասոցիացիային 2 տարի առաջ միացել են նաև Արցախի ճարտարապետներն ու նախագծող կազմակերպությունները:
Նշենք, որ համաժողովի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Երևանում, այնուհետև մասնակիցներն այն կշարունակեն Արցախում: