2017 թվականին, ինչպես եւ նախորդ տարիներին, մեզ համար առաջնահերթություն էր ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը խաղաղ բանակցությունների միջոցով, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը եւ երկկողմ կապերի հաստատումն ու խորացումը:
Արցախի կողմից անցած տարի միջազգային կառույցներում շրջանառության մեջ է դրվել 9 փաստաթուղթ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր, ապրիլի 19-ին կայացած Խորհրդարանի լիագումար նիստում ամենամյա զեկույցը ներկայացնելիս հայտարարել է Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը:
«Անցած տարի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը գլխավորապես կենտրոնացված էր 2016 թվականի ապրիլին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի բացասական հետեւանքների հաղթահարման եւ բանակցային գործընթացի առաջմղման համար նպաստավոր պայմանների ստեղծման վրա։
Օրակարգում էր հրադադարի ռեժիմի հնարավոր խախտումների հետաքննության մեխանիզմների վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացման հարցը, սակայն Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով այդ ուղղությամբ չհաջողվեց որեւէ առաջընթացի հասնել։
Շարունակվել է փոխգործակցությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի, նրա դաշտային օգնականների հետ՝ հրադադարի ռեժիմի պահպանման միջոցառումների անցկացման ուղղությամբ»,- ասել է Նախագահը եւ ավելացրել, որ ԱՀ պաշտպանության ու արտաքին գործերի նախարարությունները ԵԱՀԿ ներկայացուցիչների հետ համատեղ մշակել եւ անց են կացրել արցախա-ադրբեջանական սահմանագծի տասնյակ մշտադիտարկումներ։
Նախագահի խոսքով՝ լայնածավալ աշխատանքներ են իրականացվել Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ:
ԱՄՆ Միչիգան նահանգի Սենատը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է Արցախը ճանաչելու մասին բանաձեւ, ինչպես նաեւ Ավստրալիայի Կանաչների կուսակցությունը եւս որոշել է իր քաղաքական ծրագրում ներառել Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը:
Լիտվայում Արցախի հետ խորհրդարանական բարեկամության խումբը ընդլայնվել ու վերաձեւավորվել է՝ դառնալով արտախորհրդարանական բարեկամության շրջանակ, որին անդամակցում են Լիտվայի Սեյմասի պատգամավորներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ։
Ակտիվորեն ընթացել է նաեւ տարբեր երկրների վարչական միավորումների հետ երկկողմ հարաբերությունների հաստատման ու զարգացման գործընթացը, որը ընդգրկել է քաղաքական, հասարակական, մարդասիրական եւ այլ ոլորտներ:
Միջազգային տարբեր կառույցներում՝ Եվրոպայի խորհրդում, Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունում եւ Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության առաքելությունների հետ սերտ համագործակցությամբ աշխատանքներ են տարվել տարբեր հարցերի շուրջ Արցախի իշխանությունների պաշտոնական դիրքորոշումը, պատրաստված փաստաթղթերը ներկայացնելու, արցախյան հիմնախնդրի հետ կապված միասնական տեսակետներ մշակելու եւ Արցախի Հանրապետության համար ոչ նպաստավոր զարգացումները կանխելու ուղղությամբ։ Մասնավորապես, միջազգային կառույցներում շրջանառության մեջ է դրվել 9 փաստաթուղթ։
«Որպես արտաքին քաղաքականության առանձին ուղղություն՝ մեզ մոտ եղել եւ մնում է գործնական հարաբերությունների պահպանումը Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Մերձդնեստրի հետ»,- նշել է Բակո Սահակյանը: