ԱՀ առողջապահության նախարարության և «Servie» ֆրանսիական դեղագործական ընկերության համատեղ նախաձեռնությամբ Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի (ՀԲԿ) դահլիճում այսօր կազմակերպվել է «Բացահայտումներ ADVANCE հետազոտությունից» թեմայով սեմինար:
Ստեփանակերտում կազմակերպվել է շաքարային դիաբետի բուժման ժամանակակից մեթոդների վերաբերյալ սեմինար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ԱՆ գլխավոր մանկական էնդոկրինոլոգ, ԵՊԲՀ-ի էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիական կլինիկայի ղեկավար Ելենա Աղաջանովան ասել է, որ իրենց այցի նպատակն է արցախցի գործընկերների հետ կիսվել էնդոկրինոլոգիայի կարևորագույն խնդիրներից մեկը հանդիսացող շաքարայի դիաբետի բուժման վերաբերյալ մասնագիտական փորձով ու գիտելիքներով:
Նրա խոսքով՝ շաքարային դիաբետը ներկայումս դարի ամենատարածված հիվանդություններից մեկն է: Աշխարհում հաշվարկվում է շաքարային դիաբետով հիվանդ շուրջ 400 մլն մարդ:
Ըստ Ե. Աղաջանովայի՝ շաքարային դիաբետով հիվանդները համարվում են ծանր, որովհետև ունեն զուգակցող հիվանդություններ, որն էլ հիմնականում կապված է լինում սրտի խնդիրների հետ:
«Սիրտ-անոթային հիվանդությունները կազմում են բնակչության մահացության առաջնային պատճառներից մեկը: Դեղորայքային ապացուցված բժկությամբ այսօր մենք կներկայացնենք, թե ինչպես կարելի է բուժել շաքարային դիաբետով հիվանդներին: Հիմնվելով վերջին տարիների հետազոտությունների և բժշկագիտության ձեռքբերումներին, կներկայացնենք շաքարային դիաբետի զարգացման մեխանիզմների, ախտորոշման, բուժման, ինչպես նաև շաքարախտի սուր և քրոնիկ բարդությունների վերաբերյալ նորագույն մոտեցումները»,-մասնավորապես ասել է Ե. Աղաջանովան:
Մեր զրուցակիցն ավելացրել է նաև, որ աշխարհում էնդոկրինոլոգիան շատ արագ է զարգանում: Կատարվում են նոր հետազոտություններ, շրջանառության մեջ են դրվում նոր դեղեր, որի համար յուրաքանչյուր բժիշկ պետք է անընդհատ կրթվի, վերապատրաստումներ անցնի և գործընկերների հետ մասնակցի քննարկումների:
Նշենք, որ սեմինարից հետո այսօր բժիշկներն իրականացնելու են նաև քաղաքացիների անվճար ընդունելիություն և հետազոտություն: