Նախօրեին Մարտակերտի շրջանի Մատաղիս համայնքի դպրոցում բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիան, որը թվով 10-րդն է Արցախում:
Մատաղիսի դպրոցում բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարությունից՝ մանրամասնելով, որ ծրագիրն իրագործվել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) ու ԱՀ ԿԳՍ նախարարության համագործակցության շրջանակներում, «Բեյզ Մեթըլս» ընկերության հովանավորությամբ:
Աղբյուրի հաղորդմամբ՝ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները հաջողությամբ գործում են ոչ միայն Հայաստանում, այլև Արցախում՝ հազարավոր երեխաների ծանոթացնելով ինժեներության, ծրագրավորման նրբություններին։ Իսկ արդյունքները սպասել չեն տալիս. երեխաները կյանքի են կոչում գաղափարներ, որոնք զարմացնում են շատերին:
Բացման հանդիսավոր արարողությանը նախարար Նարինե Աղաբալյանը հավաստիացրել է, որ նախարարությունը շարունակելու է միջոցներ որոնել`Արցախի բոլոր դպրոցներում նման ծրագրեր իրականացնելու համար: Հաջորդ լաբորատորիան բացվելու է Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքում. հովանավորներ արդեն կան:
Միջոցառմանը ներկա էին նաև ԱՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գագիկ Բաղունցը, ԻՏՁՄ «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը:
Լուսանկարները՝ ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության