Այսօր՝ մայիսի 18-ին, Թանգարանների միջազգային օրվան նվիրված՝ Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանում տեղի է ունեցել նոր ձեռքբերված արցախյան գորգերի ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը։
ԱՀ Նախագահը մասնակցել է արցախյան գորգերի ցուցադրությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ցուցադրությանը ներկա Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը կարևորել է նման միջոցառումների նշանակությունն ազգային ավանդույթների պահպանման և տարածման, մշակութային և գիտա-կրթական տեսանկյուններից։
Իր խոսքում ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանն ասել է, որ յուրաքանչյուր տարի Թանգարանների միջազգային օրը Արցախի բոլոր պատմամշակութային արգելոցներում և թանգարաններում կազմակերպվում են զանազան միջոցառումներ, իսկ դրան հաջորդող «Թանգարանների գիշեր»-ը, ևս հագեցած է լինում հանրային միջոցառումներով. բոլոր թանգարաններն անվճար բաց են լինում հասարակության համար:
«Թանգարանների միջազգային օրվա նշումը լայն առումով նպատակ ունի հասարակության մեջ զարգացնելու թանգարան այցելելու մշակույթը: Արցախի պետական պատմա-երկրագիտական թանգարանի նոր շենքի կառուցումն արդեն սկսվել է, և մենք կունենանք մեծ տարածքներով արդիականացված շենք՝ անհրաժեշտ բոլոր հարմարություններով»,- ավելացրել է Ս. Շահվերդյանը:
Իր հերթին Արցախի պետական պատմա-երկրագիտական թանգարանի տնօրեն Մելանյա Բալայանն ասել է, որ թանգարանի ժամանակավոր ցուցադրության սրահի փոքր լինելու պատճառով ներկայացվել են թվով 15 գորգեր և կարպետներ:
«Նշեմ, որ մեր ուշադրության կենտրոնում է ժողովրդի մշակութային կարևորագույն արժեք հանդիսացող գորգերի, կարպետների ձեռքբերումը: Բնականաբար, այսօր մեր ամենակարևոր առաքելությունն է հնարավորինս հավաքագրել աշխարհի ամենատարբեր երկրներում հայտնված արցախյան հիասքանչ գորգերն ու կարպետները: Հիմնականում ցուցահանդեսին ներկայացրել ենք վերջին 2-3 տարիներին ձեռք բերված նմուշները:
«Թանգարանային գիշերվան» նվիրված՝ վաղը՝ մայիսի 19-ին, լինելու է դասախոսություն, թանգարանը աշխատելու է ավելի երկար՝ մինչև ուշ երեկո»,- նշել է Մ. Բալայանը:
Տնօրենի խոսքով՝ անցած տարի թանգարանի այցելուների թիվը կազմել է 17000, զբոսաշրջային տարին էլ արդեն սկսվել է:
Ցուցադրության վերջում թանգարանի տարածքում կազմակերպվել է ազգագրական պարի բաց դաս՝ հնագույն պարային ծեսերով:
Միջոցառմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը, կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք։