«Արցախպրես» լրատվական գործակալությունն այսօր՝ մայիսի 23-ին, նշում է իր հիմնադրման չորս տարին:
«Արցախպրես» լրատվական գործակալությունը դարձավ 4 տարեկան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի միակ և անկախ լրատվական գործակալության թիմը շարունակում է ակտիվորեն լուսաբանել Արցախում տեղի ունեցող իրադարձությունները: Օբյեկտիվ և օպերատիվ. տարիների հետ այս երկու սկզբունքները չեն փոխվել և մշտապես մնալու են՝ որպես ամենօրյա աշխատանքի ուղենիշ:
Շաբաթվա բոլոր օրերին մեր լրագրողներն ու խմբագիրները աշխատում են, որպեսզի օրվա լրահոսը հասանելի լինի մեր բազմահազար լսարանին: Մենք հպարտանում ենք «Արցախպրես»-ի ընթերցողներով, ուրախությամբ արձանագրում գործակալության՝ տեղեկատվության նկատմամբ վստահությունը և օգտագործումը հայաստանյան, Սփյուռքի և արտասահմանյան մամուլում:
Մենք շարունակում ենք մեր սերտ համագոծակցությունը արդեն հարյուրամյա կենսագրություն ունեցող ՀՀ «Արմենպրես» պետական լրատվական գործակալության հետ: Բազմաթիվ կապեր են ստեղծված սփյուռքահայ մամուլի հետ: Իսկ ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության հետ մեր աշխատանքն աննախադեպ բնույթ է կրում:
Գործակալությունն ակտրվորեն գործում է սոցիալական հարթակներում։ Այն հայկական մեդիայի եզակիներից է, որի ֆեյսբուքյան էջը վերիֆիկացված է, իսկ թվիթերյան էջը՝ լավագույններից:
«Արցախպրես» լրատվական գործակալությունը շնորհավորում է իր ընթերցողներին՝ խոստանում լրահոսի նոր ու հետաքրքիր մատուցում: Առիթից օգտվելով՝ մեր շնորհավորանքներն ենք փոխանցում նաև մեր բոլոր գործընկերներին, մաղթում ստեղծագործական նորանոր հաջողություններ, քանի որ հաճելի զուգադիպությամբ մայիսի 23-ին Արցախում նշվում է նաև լրագրողի մասնագիտական օրը: