‹‹Ղարաբաղ Տելեկոմ›› ընկերությունը նախատեսում է 2018 և 2019 թվականներին կատարել ավելի քան 10 միլիոն եվրո գումարի ներդրում շարժական և անշարժ ցանցը արդիականացնելու նպատակով, ինչպես նաև ավելացնել 3 G ծառայությունների ծածկը տարածքային առումով:
‹‹Ղարաբաղ Տելեկոմ››-ը 10 մլն եվրո կներդնի համացանցի որակի բարելավման նպատակով. Օդաբաշյան (տեսանյութ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ‹‹Արցախպրես››-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին մայիսի 23-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ‹‹Ղարաբաղ Տելեկոմ›› ընկերության գլխավոր տնօրեն Կարեկին Օդաբաշյանը՝ մանրամասնելով, որ այս կապակցությամբ շուտով ընկերության կողմից պաշտոնական հայտարարություն կարվի:
Նրա խոսքով՝ ներկայումս ‹‹Ղարաբաղ Տելեկոմ››-ի կողմից առաջարկվող փաթեթները հնարավորություն են տալիս բաժանորդին կատարել խնայողութուն 20-90 տոկոս:
‹‹Մեր համացանցի բաժանորդների 65 տոկոսը օգտվում է 512 կբ/վրկ արագությամբ ծառայությունից: Համացանցի բաժանորդների մոտ հաճախ տեղի են ունենում էլեկտրասնուցման տատանումներ և խափանումներ, որոնք պատճառ են հանդիսանում ծառայության ընդհատումների: Համացանցի որակը կախված է երկու հանգամանքից՝ արագություն և ընդհատումներ: Եթե խոսենք արագության մասին, ապա պետք է նշենք, որ 512 կբ/վրկ արագությունը այսօր գրեթե վերացած է և՛ Հայաստանում, և՛ արտերկրում, քանի որ չկան կայքեր, որոնք այդ արագությամբ արագ բացվեն: Առաջարկություններ կան և պիտի շարունակեն լինել, որ պետք է հասարակությանը հանձնենք ավելի բարձր արագությամբ համացանց: Ինչ վերաբերում է անջատումներին, ապա նշենք, որ, իհարկե, կա վթարի հանգամանքը: Օրինակ՝ մայիսի 20-ի դրությամբ զանգերի կենտրոն ստացվել են 147 դժգոհություններ համացանցի մասին, որոնցից մասնավորապես 111-ը հոսանքի տատանումների, 9-ը՝ WI-FI սարքից միացում կատարելու մասին էին›,- ասել է Կ. Օդաբաշյանը:
Ի դեպ, ‹‹Ղարաբաղ Տելեկոմ››-ի կողմից վերջին շրջանում սակագները իջեցվել են 2017 թվականի փետրվար ամսին՝ 12.5 տոկոսով, և ընթացիկ տարվա հունիսի 1-ից կիջեցվեն ևս 5 տոկոսով:
‹‹Շատ զարմանալի է, որ հասարակության միայն 9.2 տոկոսն է օգտվում առաջարկվող փաթեթներից: Մինչդեռ մենք արդյունավետորեն նվազեցնում ենք մեր սակագները, պետք է նշեմ, որ նույնը չէր կիրառվում այլ ծառայություններ մատուցող մյուս ոլորտներում: Ներկա դրությամբ ընկերությունն ունի 7 ԳԲ ելքային հոսք, 2012 թվականի հունվարին այն 350 ՄԳ էր: 6.5 տարվա ընթացքում համացանցի առումով հասարակության պահանջը աճել է 20 անգամ››,-նշել է Կ. Օդաբաշյանը:
Հարկ է նշել, որ ընկերությունը հանդիսանում է պետական բյուջեի ամենախոշոր հարկատուներից մեկը և 2017 թվականին եկամուտների 41.2 տոկոսը վճարվել է պետությանը՝ կարգավորող ոլորտի վճարների, հաճախականությունների վճարների, հարկերի և այլ ֆինանսական պարտավորությունների տեսքով, ինչպես նաև Արցախի բանակի, առողջապահության, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, Արցախի պետական համալսարանի հետ կապված նախագծերի տեսքով:
‹‹Եթե միջինացված նշենք, մեր եկամուտի համարյա կեսը գրեթե ամեն տարի մերը չէ: Հիմնական ֆինանսական այս պատկերը տարբերվում է մնացած օպերատորների աշխատանքից: Եթե այսօր մեր սահմանը շատ ավելի ապահով է, քան 2016 թվականի ապրիլին էր, մասամբ շնորհիվ ‹‹Ղարաբաղ Տելեկոմ››-ի է: Սա մեր պարտականությունն է՝ իբրև հայ: Տարեկան 100 միլիոն դրամ ծախսվում է հոսանքի էլեկտրական ցանցի համար՝ կամ լարային օդային, կամ էլ արևային պանելներով: WI-FI ցանցի կառուցման միջոցով ապահովվել են համացանցով 235 համայնքներ կամ Արցախի բնակչության 97 տոկոսը: Իսկ 3 տոկոսը, որը բնակվում է Քաշաթաղի շրջանում, օգտագործում է Հայաստանի օպերատորների ցանցերը››,- հավելել է Կ. Օդաբաշյանը: