Հունիսի 25-ին արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի աղետների ռիսկի նվազեցման գծով հատուկ հանձնակատար Մամի Միզուտորիին:
Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ հանձնակատարին
Ողջունելով հյուրին՝ Հայաստանի արտգործնախարարը կարևորել է Հայաստանի և ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի գրեթե տասնամյա արդյունավետ համագործակցությունը՝ արժևորելով գրասենյակի կողմից տրամադրվող աջակցությունը՝ ուղղված այս բնագավառում Հայաստանի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը: Այդ համատեքստում ՀՀ ԱԳ նախարարն առանձնահատուկ կարևորել է աղետների ռիսկի նվազեցման 2015-2030թթ. Սենդայի շրջանակային ծրագրի առաջնահերթությունները։
Մամի Միզուտորին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և բարձր գնահատել Հայաստանի ներդրումը և փորձն աղետների ռիսկի նվազեցման և կառավարման ոլորտում՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել համատեղ աշխատանքն այս բնագավառում:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ խոշոր աղետների կանխարգելման, կառավարման և դիմագրավման հարցում կարևոր են միջազգային հանրության հավաքական ջանքերը և գործողությունները:
Այս համատեքստում Զոհրաբ Մնացականյանը և Մամի Միզատորին անդրադարձ են կատարել գրասենյակի՝ հունիսի 26-27-ը Երևանում կայանալիք աղետների ռիսկի նվազեցման Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի տարածաշրջանային երկրորդ պլատֆորմի ծրագրին և միջոցառման շրջանակներում նախատեսվող միջոցառումերին: