Այսօր՝ հուլիսի 23-ին հայաստանյան և արցախյան մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ մեկնել են առաջնագիծ և եղել մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ զորամասերի պահպանության տակ գտնվող մի շարք դիրքերում: Այցը կազմակերպվել է «Հետք» ինտերնետային թերթի նախաձեռնությամբ և ԱՀ պաշտպանության բանակի աջակցությամբ:
Մարտական հերթապահություն իրականացնելու երկրորդ օրը զինվորն աչքի է ընկել բարդ առաջադրանք կատարելով. լրագրողներն այցելել են առաջնագիծ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ N զորամասի դիրքերից մեկի դիպուկահար շարքային Տիգրան Օհանյանը երեք օր է, ինչ ծառայության է անցել մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանման կազմում, սակայն արդեն հասցրել է աչքի է ընկնել բարդ առաջադրանք կատարելով:
Մեզ հետ զրույցում Տիգրան Օհանյանը ասաց, որ շուրջ վեց ամիս է ինչ ծառայում է ՊԲ զորամասում:
«Հենց սկզբից էլ նպատակ ունեի դիպուկահարի մասնագիտություն ստանալ և ծառայությունս իրականացնել առաջնագծում: Արդեն ուսումնական գումարտակում ծառայելու ընթացքում սովորել և մասնագիտացել եմ դիպուկահարի գործում և այժմ այստեղ կատարում եմ առօրյա ծառայողական պարտականություններս»,- նշում է Տ. Օհանյանը:
Դիրքի ավագը իր հերթին խոսելով Տիգրանի մասին, նշեց, որ ուսումնական շրջանում վերջինս հաճախակի է աչքի ընկնել նաև կրակային պատրաստության դասերին՝ հրաձգությունների ժամանակ դիպուկ խոցելով նախատեսված նշանակետերը:
Սակայն իր մասնագիտությանը գերազանց տիրապետելու կարողությունը Տ. Օհանյանը ցույց տվեց մարտական հերթապահության անցնելու հենց երկրորդ օրը՝ ստանալով հատուկ առաջադրանք և իրականացնելով առանց որևէ դժվարության:
«Դիտարկման ընթացքում նկատվել էր հակառակորդի տեսանկարահանող սարքը՝ մոտ 600-700 մետր հեռավորության վրա, որն այդ պահին ակտիվորեն գործում էր: Հրամանատարի կողմից ստացա խնդիրը՝ թիրախավորել և խոցել, անցա առաջադրանքի կատարմանը և շարքից հանեցի հակառակորդի տեսանկարահանող սարքը»,- առանձնակի համեստությամբ պատմում է Տ. Օհանյանը:
Ինչպես հայտնեց դիրքի ավագը՝ զորամասի հրամանատարն արդեն հստակ հայտնել է, որ հերթափոխից հետո՝ զորամաս հասնելուն պես, առաջադրված խնդիրն անթերի կատարելու համար Տ. Օհանյանը խրախուսվելու է: