Artsakhpress

Հարցազրույց

Մենք աջակցում ենք բարեփոխումներ անելու Հանրապետության նախագահի կուրսը. Արթուր Թովմասյան

«Ազատ հայրենիք» կուսակցության քաղաքական ուղեգծի հնարավոր փոփոխության, հանրապետությունում վերջերս սկսված ակտիվ քաղաքական խմորումների և այլ հարցերի շուրջ «Արցախպրեսը» զրուցել է Ազգային ժողովի ամենամեծ՝ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանի հետ:

Մենք աջակցում ենք բարեփոխումներ անելու Հանրապետության նախագահի կուրսը. Արթուր Թովմասյան

Մենք աջակցում ենք բարեփոխումներ անելու Հանրապետության նախագահի կուրսը. Արթուր Թովմասյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 26, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:
- Պարոն Թովմասյան, Խորհրդարանն արդեն գտնվում է ամառային արձակուրդում, հետաքրքիր է՝ ինչպե՞ս եք գնահատում 7-րդ նստաշրջանի ԱԺ և Ձեր ղեկավարած «Հայրենիք» խմբակցության աշխատանքը:
- Կարծում եմ՝ արդյունավետ, քանի որ, ընդհանուր առմամբ, խորհրդարանական գործունեությունն ընթացել է բնականոն հունով: Ընդունված օրենքներից հատկապես կառանձնացնեի «Հավաքների ազատության մասին» ԱՀ օրենքը, կարևոր էր նաև 2017թ.-ի պետական բյուջեի կատարողականի քննարկումը: Բացի նշվածից, ծավալուն աշխատանք է տարվել նաև ԱՀ օրենքները նոր Սահմանադրությանը համապատասխանեցնելու ուղղությամբ:
Հաջորդականության սկզբունքով ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավարի փոփոխություն է կատարվել, և խմբակցության անդամ Արամ Գրիգորյանի փոխարեն ընտրվել է խմբակցության մեկ այլ անդամ Արարատ Օհանջանյանը: Իսկ խմբակցությունից և կուսակցությունից Ռուսլան Իսրայելյանի հեռանալուց հետո, ով զբաղեցնում էր ԱԺ ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը, նույն պաշտոնում ընտրվել է Արամ Գրիգորյանը:
- Ռուսլան Իսրայելյանի հեռանալու հետ կապված թեև բացատրություններ եղան, ի՞նչ ունեք ավելացնելու:
- Ռուսլան Իսրայելյանի հեռանալը թե՛ «Հայրենիք» խմբակցությունից և թե՛ «Ազատ հայրենիք» կուսակցությունից պայմանավորված է եղել իր որոշմամբ, որի մասին հրապարակայնորեն մեկնաբանություն է եղել իր կողմից: Բնականաբար, կցանկանայինք, որ չհեռանար, բայց հարգել ենք այդ որոշումը, և դրանից մեր մարդկային հարաբերությունները չեն տուժել: Միայն կարող եմ ավելացնել, որ նման տրամադրություն մեր խմբակցության մյուս անդամների մոտ չկա:
- Հաջորդ հարցը, կարծում եմ, շատերին կհետաքրքրի: Ի՞նչ է տալիս նոր պաշտոնը կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանին, և պետնախարարի պաշտոնից նրա հրաժարվելուց հետո ի՞նչ է փոխվել կուսակցության քաղաքական ուղեգծում:
- Արայիկ Հարությունյանը մեր քաղաքական իշխանության ամենաթրծված և փորձառու գործիչներից է, ով ղեկավարում է Արցախի ամենամեծ և ազդեցիկ կուսակցությունը: Պետական նախարարի բարձր պաշտոնից նրա հրաժարականը որևէ ձևով պայմանավորված չէր Հանրապետության նախագահի հետ ունեցած որևէ տարաձայնությամբ: Հակառակը, մենք շարունակում ենք պաշտպանել Բակո Սահակյանի վարած քաղաքական կուրսը և մինչև 2020թ.-ը մեր ողջ ներուժը օգտագործելու ենք, որպեսզի Նախագահի հետ միասին ապահովենք նախանշված արդյունքները: Սակայն անկախ պետնախարարի հրաժարականից՝ մեր կուսակցության մոտեցումներում խմբագրումներ են կատարվել վերջին ամիսների իրադարձություններով պայմանավորված, որոնք ավելի օրակարգային դարձրեցին բովանդակային բարեփոխումների անհրաժեշտությունը: Ուստի, մենք աջակցում ենք բարեփոխումներ անելու Հանրապետության նախագահի կուրսը:
Ինչ վերաբերում է Ա. Հարությունյանի նոր պաշտոնի ստանձնմանը, կարծում եմ՝ Նախագահ Սահակյանի կողմից նման առաջարկ արվել է՝ հաշվի առնելով վերը թվարկված հատկանիշները: Պարոն Հարությունյանի հետ մենք շարունակում ենք իրագործել 2015թ.-ին ժողովրդին տված մեր նախընտրական խոստումները՝ պատրաստվելով 2020թ.-ի համապետական ընտրություններին:
- Ինչո՞վ եք բացատրում հանրապետությունում վերջերս սկսված ակտիվ քաղաքական խմորումները:
- Առաջնահերթորեն ՀՀ-ում տեղի ունեցած թավշյա հեղափոխությամբ: Որպես հիմնական պատճառ և հետևանք՝ մենք սա չպետք է շրջանցենք, քանի որ դա, իսկապես, այդպես է, ինչը չի նշանակում, որ նախքան այդ խնդիրներ ու դժգոհություններ չեն եղել: Հայաստանը և Արցախը միևնույն օրգանիզմի տարբեր մասերն են՝ մի տարբերությամբ, որ Արցախն ավելի փոքր է, և մեր իշխանությունները չեն կարող ժողովրդից շատ կտրված լինել: Իհարկե, մեր հանրապետությունում ևս բազմաթիվ չլուծված խնդիրներ կան, բայց մենք միշտ խիզախություն ենք ունեցել դրանց մասին խոսելու: Այդ պատճառով, թեկուզ հայաստանյան հեղափոխական որոշ տրամադրություններ հասան Արցախ, բայց ընդհանուր առմամբ մարեցին, քանի որ առկա խնդիրների վերաբերյալ ժողովուրդն ավելի ռացիոնալ դիրքորոշում ունի:
Այսքանով հանդերձ մենք պետք է գիտակցենք, որ, այնուամենայնիվ, հանրային գիտակցության մեջ փոփոխություն է տեղի ունեցել, և դրան քաղաքական իշխանության արձագանքը պետք է լինի շատ ճկուն՝ հակառակ դեպքում առերեսվելու ենք խորը ճգնաժամի: Ընդդիմության մեջ ևս կան անհատներ, ովքեր մեծ ճանապարհ ունեն անցած, և նախորդ տարիներին հնարավորություն ենք ունեցել Խորհրդարանում աշխատել նրանց հետ: Գուցե տնտեսական կամ այլ ուղղություններում մեր պատկերացումները հաճախ են տարբերվել, բայց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում բոլորս մշտապես ունեցել ենք միևնույն սկզբունքային դիրքորոշումը:
Այո, եթե որևէ քաղաքական ուժ գտնում է, որ այսօր իր խոսքը պետք է հանրահավաքների միջոցով ասի, պետք է նրան հնարավորություն տալ օգտվել Սահմանադրությամբ տրված իրավունքներից, պետք է լսել, քննարկումների հարթակ հրավիրել, որպեսզի Խորհրդարանում վերջերս տեղի ունեցած հայտնի տհաճ միջադեպի օրինակը չունենանք: Սա են պահանջում ժամանակակից քաղաքականության ժողովրդավարական կանոնները: Իհարկե, անընդունելի է, եթե նման հարթակներն ընդդիմադիր գործիչները օգտագործեն որպես իշխանության հասցեին անձնական վիրավորանքներ հասցնելու միջոց: Իսկ իշխանափոխության դասական եղանակը, իմ պատկերացմամբ, ընտրություններն են: Այլ եղանակ ես չեմ ընդունում, և, անկախ ցանկությունից և մտածելակերպից, մենք չպետք է մոռանանք, որ ապրում ենք հակամարտության գոտում, և մեր գործունեությունը երբեք չպետք է հասարակությանը պառակտող դեր ունենա: Ինչպես Գարեգին Նժդեհը կասեր՝ կուսակցությանս հետ, բայց ազգիս համար. կարծում եմ. այս սկզբունքը պետք է առաջնորդի բոլորիս:
-Պարոն Թովմասյան, քանի որ խոսք բացվեց, անդրադառնանք նաև ղարաբաղյան հակամարտությանը: ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ի՞նչ ունենք այսօր, բանակցային գործընթաց կա՞, թե՞ չկա, վերջապես ի՞նչ սպասել առաջիկայում:
- Այսօր հիմնախնդրի լուծման որևէ տարբերակի քննարկում ես իրատեսական չեմ համարում, քանի որ կողմերի միջև առկա է մեծ անվստահություն: 2016թ.-ի ապրիլին Ադրբեջանի նախաձեռնած պատերազմը բանակցային գործընթացի շարունակումը լուրջ վտանգի տակ էր դրել, բայց ի շնորհիվ ԵԱՀԿ միջնորդ երկրների, այն հնարավոր եղավ փրկել: Պետք է ընդգծել, որ ԵԱՀԿ-ից իմ սպասումները ավելին են, քանի որ այդ կառույցը, բացի միջնորդական ներուժից, ունի նաև հետաքննության լայն հնարավորություններ, որոնց կիրառումը կարող է նվազեցնել լարվածությունը տարածաշրջանում: Սակայն այն գործողությունները, որոնք տեսանելի են ղարաբաղա-ադրբեջանական սահմանին և Նախիջևանի հատվածում, որևէ լավատեսական տրամադրություն չեն ստեղծում: Միևնույն ժամանակ ուզում եմ հայտարարել, որ Ադրբեջանը, այնուամենայնիվ, ինքնուրույն պատերազմ սկսելու ռիսկի չի գնալու, քանի որ թե ՛ 2016թ.-ի դասերը և թե ՛ առավել ևս այսօր մեր բանակի սպառազինությունը և մարտական ոգին հաշվի առնելով՝ Բաքուն չի կարող այդպիսի որոշում կայացնել:
Հարցազրույցը` Անի Ավանեսյանի

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող

Տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով այսօր Շոշ գյուղում ճանապարհ են փակել

Շոշ գյուղում կատարված դեպքի առթիվ ԱՀ ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնում

Բակո Սահակյանը Նիկոլ Փաշինյանի հետ այցելել է հանրապետության հյուսիսային սահմանագծի մի շարք հատվածներ

Ադրբեջանը Նախիջեւանի կողմից գնդակոծել է Հայաստանի տարածքը

Շոշ գյուղում միջադեպից տուժածին «պատշաճ բուժօգնություն» չցուցաբերելու առնչությամբ ԱՆ-ն հայտարարություն է տարածել

Հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել

Շնորհավորանքներ նորապսակներին և նորածիններին. մայրաքաղաքի օրը եզրափակվել է տոնական համերգով (լուսանկարներ)

«Հարսանիք Թիկունքում» ներկայացումն Արցախի հանդեպ ունեցած մեծագույն սիրո ծնունդ է. Գյումրիի թատրոնի տնօրեն

Search