Artsakhpress

Քաղաքական

Արցախի խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ

Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ ԱՀ Ազգային ժողովի խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ներկայացրել են իրենց տեսակետները:

Արցախի խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ

Արցախի խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 28, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Հայրենիք» խմբակցության պատգամավոր Ռուդիկ Հյուսնունցը նշել է, որ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմամբ մենք ինքներս մեզ տանում ենք դեպի բարդ իրավիճակ: «Երևույթին ինքնին շատ բացասական եմ վերաբերվում, որովհետև կարծում եմ, որ հաղթանակած երկրի նախագահին թիրախ դարձնել և ներքաղաքական հարցերի շրջանակ բերել՝ տեղին չէ: Կարծում եմ՝ Հայաստանի և Արցախի նախկին նախագահին կալանավորելը ներքաղաքական շատ լուրջ ընդվզումների կարող է հանգեցնել: Բացի այդ, այն կարող է նոր խնդիրներ առաջ բերել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»,- նշել է Ռ. Հյուսնունցը:
Նրա կարծիքով՝ նախագահի ինստիտուտը պետք է երկրի համար հանդիսանա որպես խորհրդանիշ: Բացի այդ, Ռ. Հյուսնունցը մտահոգություն է հայտնել նաև, որ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելով՝ Ադրբեջանին ուրախանալու առիթ է տրվում, և դա այն դեպքում, երբ ամեն պահի գտնվում ենք պատերազմի վերսկսման վտանգի առաջ:
«Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանն իր հերթին ասել է, որ ՀՀ նոր իշխանությունների կողմից որդեգրած քաղաքականությունը, որն ընդհանուր առմամբ պայքարում է ապօրինության դեմ, ընդունելի է, քանի որ ժողովրդավար երկիր կառուցելու ճանապարհին, բնականաբար, դրանք անհրաժեշտ քայլեր են: «Ուղղակի խնդիրն այն է, որ դա չպետք է տանի, այսպես ասած, գայթակղության, քանի որ կարող է իրավական հարթությունից տեղափոխվել քաղաքական դաշտ: Կարծում եմ՝ պետք է բավականին զգուշավոր լինել, մանավանդ այն գործիչների պարագայում, որոնք անցել են ճանապարհ և որոշակի ներդրում ունեն երկրի կայացման գործում»,- նշել է Վ. Բալայանը:
Ըստ նրա՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման գործում համապատասխան իրավական հիմնավորումները պետք է լինեն բավականաչափ: «Այդ առիթով կան շատ մտահոգություններ, և կարծում եմ, որ ՀՀ իրավապահ մարմիններն իսկապես խորությամբ այդ ամենը կուսումնասիրեն՝ բոլոր հարցերին տալով սպառիչ պատասխաններ»,- նշել է Վ. Բալայանը:
«Ժողովրդավարություն»­ խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանի կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը, բնականաբար, լուրջ մտահոգություն է առաջացրել նաև Արցախում: «Չմոռանանք, որ Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն ՀՀ երկրորդ նախագահն է, այլև՝ ԱՀ առաջին նախագահը՝ լինելով նաև «Արցախի հերոս»: Ուստի մենք չենք կարող անտարբեր լինել այն ամենի նկատմամբ, ինչը որ կատարվում է նրա անվան շուրջ՝ հատկապես վերջին օրերին»,- ասել է Վ. Բաղրյանը:
Նա նշել է, որ անընդունելի է որոշ քաղաքական ուժերի և անձանց անթաքույց հրճվանքը՝ պայմանավորված Ռոբերտ Քոչարյանի կալանավորմամբ, ինչը սեպ է խրում հասարակության համերաշխության մեջ: «Մտադրություն չունեմ պաշտպանելու Ռոբերտ Քոչարյանին, կարծում եմ՝ նա դրա կարիքը չունի: Սակայն հետևելով գործընթացներին՝ տպավորություն ունեմ, որ դրանք ոչ այնքան իրավական դաշտում են, որքան քաղաքական: Եվ այդ քաղաքական շահարկումները միանգամայն անթույլատրելի են»,- նշել է Վ. Բաղրյանը:
Պատգամավորը ընդգծել է, որ ակնկալում է արդար և թափանցիկ դատավարություն. եթե խախտվել է օրենք, ապա պետք է լինի արդար դատաքննություն և պատասխանատվություն, քանի որ օրենքի առաջ հավասարապես պատասխանատու են բոլորն՝ անկախ կարգավիճակից: «Սակայն եթե օրենք չի խախտվել, ապա քաղաքական հետապնդումները անընդունելի են, և եթե քաղաքական հետապնդման կարող է ենթարկվել երկու հայկական հանրապետությունների նախկին նախագահը, ապա ի՞նչ արդարություն կարող է ակնկալել շարքային քաղաքացին»,- ասել է Վ. Բաղրյանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ

Ունեմ շուրջ 115 հազար վաճառքի ենթակա տնկիներ. երիտասարդ այգեգործը պատմել է իր հաջողված բիզնեսի մասին

Արցախում առաջին անգամ պետբյուջեի եկամուտները կգերազանցեն ծախսերը. Ֆինանսների նախարար

Զանգակատուն գյուղի մոտ ադրբեջանցիներն իրենց դիրքերն առաջ են բերել. համայնքապետ

Սարսանգից մինչև Մարտակերտ նոր ջրանցք կկառուցվի, կներդրվի 100 մլն ԱՄՆ դոլար. Արայիկ Հարությունյանը՝ խոշորամասշտաբ ծրագրի մասին

Նախագահ Բակո Սահակյանը Կառավարության որոշում է հաստատել

Փորձարկվել է հայկական արտադրության առաջին ռազմական ռոբոտը

Բակո Սահակյանը հետևել է ՊԲ կենտրոնական ենթակայության մի շարք զորամասերի ներգրավմամբ մարտավարական զորավարժությունների ընթացքին

Նախագահ Սահակյանը ստորագրել է օրենքներ

Search