Այսօր՝ օգոստոսի 25-ին, «Արցախի կույրերի միավորում» հասարակական կազմակերպությունը հրավիրել է արտահերթ համագումար:
«Արցախի կույրերի միավորում» հասարակական կազմակերպության նախագահ է ընտրվել Արտակ Բեգլարյանը
Նոր կանոնադրությունը որոշակի քննարկումներից հետո հաստատվեց միաձայն, որից հետո կայացավ կազմակերպության նախագահի բաց ընտրությունը, և նախագահ միաձայն ընտրվեց Արտակ Բեգլարյանը: Վերջինս իր ելույթում ասաց, որ իր համար առանձնակի կարևորություն է ունենալու միավորման անդամների կարողությունների զարգացման հարցը: «Շատ կարևոր է մեր միության անդամների զբաղվածության խնդրի լուծումը, սակայն ոչ թե ժամանցի, այլ աշխատանքի ապահովմամբ: Բացի այդ, մենք պետք է ունենանք նաև զարգացման հստակ ծրագրեր, կարողանանք սովորել տարբեր հմտություններ, դրանք կիրառելով և արդյունքում լուծելով նաև զբաղվածության ապահովման խնդիրները»,- նշեց Ա. Բեգլարյանը, հավելելով, որ միավորման աշխատանքները պետք է իրականացվեն ավելի կազմակերպված և թափանցիկ:
Նա նաև ընդգծեց, որ միավորման բոլոր անդամները պետք է հնարավորինս մասնակցեն կազմակերպվող ծրագրերին ու աշխատանքներին, ներկայանալով նաև սեփական նախաձեռնություններով:
Համագումարին ներկա ԱՀ սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության ընտանիքների կարիքավորության գնահատման և սոցիալական աջակցության վարչության պետ Սամվել Իսրայելյանն իր ելույթում ասաց, որ ողջունում է կազմակերպության նոր նախագահի ընտրությունը: «Չեմ կասկածում, որ Ա. Բեգլարյանի գլխավորությամբ միավորումը լիարժեք հիմքերի վրա է դրվելու և գործելու է ավելի կազմակերպված: Մենք նույնպես փորձելու ենք կազմակերպել և իրագործել տարբեր ծրագրեր, ինչի համար ակնկալելու ենք ձեր ակտիվությունը»,- նշեց Ս. Իսրայելյանը:
Համագումարի վերջում բաց քվեարկությամբ ընտրվեցին նաև միավորման խորհրդի և վերստուգիչ հանձնաժողովի անդամները: