ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերի հավաքական թիմը բանակային ձեռնամարտում զբաղեցրել է առաջին տեղը
Բանակային ձեռնամարտը Պաշտպանության բանակում երկար տարիների պատմություն չունի, սակայն անհամեմատ կարճատև ժամանակահատվածում մարզաձևը ներկայացնող ՊԲ-ի զինծառայողներն ու հավաքական թիմերը հասցրել են մրցակցության հնարավորությունն չթողնել զինված ուժերի այլ զորամասերի հավաքականների համար:
ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերի հավաքական թիմը բանակային ձեռնամարտում զբաղեցրել է առաջին տեղը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ՄԱՐՏԻԿ: Վերջին` ամենատպավորիչ արդյունքը արձանագրվել է զինված ուժերի մակարդակով անցկացված առաջնությանը, որտեղ ՊԲ-ի կենտրոնական ենթակայության զորամասերի հավաքական թիմը զբաղեցրել է 1-ին պատվավոր հորիզոնականը: Ի դեպ, երկրորդ ու երրորդ մրցանակային տեղերն էլ զբաղեցրել են Պաշտպանության բանակի միավորումները ներկայացնող թիմերը:
Վահագն Չալյանը մրցումների ավարտից հետո զորացրվել և իր հետ տարել է այն հպարտության զգացումը, որը ծնվել է մրցումների արդյունքում և այսօր էլ պատրաստակամ է իր փորձն ու գիտելիքները ի սպաս դնել հավաքականի նոր անդամների պատրաստության գործին:
Բանակային ձեռնամարտը, իր մեջ ներառելով արևելյան տարբեր մարտարվեստների առավել ընդգծված տարրերն ու արդյունավետ հնարքները, նպաստում է անձնակազմի ֆիզիկական ընդհանուր պատրաստությանն ու զինծառայողների մոտ ձևավորում հաղթողի ֆիզիկական ու կամային որակներ:
Ի դեպ, Պաշտպանության բանակի բանակային ձեռնամարտի հավաքականը հասցրել է ձեռք բերել նաև միջազգային առաջնություններին մասնակցելու փորձառություն, և այսօր տրամադրված է նաև այդ հարթակում հայ մարզիկի և զինվորականի բարձր վարկն ու պատիվը պաշտպանել ամեն գնով:
Բանակային ձեռնամարտն, ունենալով ընդամենը երկու տարվա պատմություն, արդեն իսկ հասցրել է ձեռք բերել բավականին մեծ թվով կողմնակիցներ ոչ միայն բանակում, այլ նաև քաղաքացիական կյանքում: Եվ դա պատահական չէ. այն օգնում է ոչ միայն կոփել և գերազանց ֆիզիկական ու բարոյակամային որակներ ձեռք բերել, այլև մարզաձևով զբաղվողներին հնարավորություն է տալիս տարբեր արտակարգ իրավիճակներում առավել բարձր արդյունավետությամբ դիմակայել առաջացած խոչընդոտներին ու դժվարություններին: