Իրադարձությունների ցանկացած զարգացման դեպքում կկանխենք հակառակորդի կողմից ձեռնարկվող սադրանքները. դիրքապահներ
Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերում վերջին շրջանում տիրում է համեմատաբար հանգիստ իրադրություն, զինծառայողները իրականացնում են առօրյա մարտական հերթապահություն, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումներն էլ մասամբ են արձանագրվում:
Իրադարձությունների ցանկացած զարգացման դեպքում կկանխենք հակառակորդի կողմից ձեռնարկվող սադրանքները. դիրքապահներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ՄԱՐՏԻԿ: Դիրքապահները սակայն, դիրքի ավագ Վլադիմիր Կյուրեղյանի հրամանատարությամբ, հարաբերական իրավիճակը օգտագործում են ի նպաստ սեփական ունակությունների ու հմտությունների զարգացման և, որ շատ կարևոր է, չեն կորցնում զգոնությունը, ժամանակին ու ճիշտ տեսադիտարկման համակարգերի միջոցով ֆիքսում և ըստ վերադասության զեկուցում են հակառակորդի բոլոր տեղաշարժերը: Սերժանտ Կյուրեղյանը վստահությամբ է նշում, որ դիրքում ամեն ինչ իր տեղում է, մարտական հերթապահությունն էլ ընթանում է անհրաժեշտ մակարդակով:
Արդեն գիտակ ու հմուտ, արհեստավարժ ու համակողմանի պատրաստված զինծառայողները պատիվ ունեն կրելու հայրենիքի պաշտպանի կոչումը, իհարկե` ոչ առանց ավագ ընկերների ու կրտսեր հրամանատարների օգնության: Դավիթ Մելիքբեկյանը դիրքում ստացել է ջերմ ու հարազատ ընդունելություն. հոգատար ու ընկերասեր զինծառայողները օգնել են վերջինիս դիրքում կատարել առաջին քայլերը, սովորեցրել մարտական հերթապահության կրման բոլոր նրբություններն ու առանձնահատկությունները:
Զորամասի հրամանատարի` ԱՀՏԱԳ տեղակալ, մայոր Արմեն Մկրտչյանը պարբերաբար շրջում է դիրքերում, ծանոթանում դիրքում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտին, տարիների փորձառությամբ էլ անմիջական զրույցների շնորհիվ տեղեկանում զինծառայողներին հուզող հարցերին ու խնդիրներին և, եթե այդպիսիք կան, տեղում գտնում լուծումներ:
Դիրքապահները վստահեցնում են, որ չնայած իրավիճակը կայուն է, այնուամենայնիվ նրանք պատրաստ են իրադարձությունների ցանկացած զարգացման և հարկ եղած դեպքում կկանխեն հակառակորդի կողմից ձեռնարկվող յուրաքանչյուր սադրանք ու ոտնձգություն:
Հյուսիսարևելյան առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների զինծառայողները վստահաբար իրականացնում են հայրենիքի սահմանների պաշտպանությունը` գիտակցելով, որ այդ պահին իրենք կատարում են կարևորագույն առաքելություն և ամեն ինչ պետք է անել հրամանատարության և ժողովրդի վստահությունը լիովին արդարացնելու համար: