Artsakhpress

Հարցազրույց

Վերաբնակեցումը մեծ միջոցներ է պահանջում, Արցախի կառավարության ունեցած հնարավորությունները բավարար չեն. Ա. Հարությունյան

Արցախի Հանրապետության նախկին վարչապետ, Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Արայիկ Հարությունյանը անդրադառնում է Արցախում ներքաղաքական գործընթացների, վերաբնակեցման ծրագրերի խոչընդոտներին, իր՝ Արցախում ստվերային կառավարիչ լինելու մասին լուրերին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ արցախյան հարցի կարգավորման մասին մեկնաբանություններին:

Վերաբնակեցումը մեծ միջոցներ է պահանջում, Արցախի կառավարության ունեցած հնարավորությունները բավարար չեն. Ա. Հարությունյան

Վերաբնակեցումը մեծ միջոցներ է պահանջում, Արցախի կառավարության ունեցած հնարավորությունները բավարար չեն. Ա. Հարությունյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 30, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի հետ հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
- Արցախում ևս զգացվում է Հայաստանի հեղափոխության շունչը, նոր կուսակցություններ են բացվում, «Սասնա ծռերն» է պատրաստվում գրանցվել: Ի՞նչ եք կարծում՝ հեղափոխությունը կամաց-կամաց սկսո՞ւմ է հասնել Արցախ:

- Արցախում քաղաքական դաշտը գոնե վերջին 10-15 տարիների ընթացքում միշտ էլ բաց է եղել, և ժողովրդավարական արժեքների ամրագրման առումով բովանդակային ճանապարհ ունենք անցած: Իհարկե, ՀՀ-ում տեղի ունեցող քաղաքական գործընթացները միշտ էլ ինչ-որ չափով իրենց ազդեցությունն են ունեցել Արցախի վրա, և, համոզված եմ, նոր զարգացումներն ավելի կամրապնդեն ունեցած ձեռքբերումները: Իսկ Ձեր նշած քաղաքական միտումները կպայմանավորեի ավելի շատ նախընտրական ժամանակահատվածով: 

- Ի՞նչ կասեք Արցախում 2020 թվականի նախագահական ընտրություններին Ձեր մասնակցության հնարավորության մասին:

- Կարծում եմ՝ դրա մասին դեռ վաղ է խոսելը: Ժամանակը կգա, եթե նման պահանջ առաջանա իմ ղեկավարած քաղաքական ուժի կողմից, կքննարկենք և հանրությանն անպայման դրա մասին տեղյակ կպահենք:

- Ինչպե՞ս կմեկնաբանեք տեղեկությունը, որ չնայած հրաժարականին՝ շարունակում եք ստվերային կառավարումը:

- Անընդունելի եմ համարում նման շահարկումները: Փորձում եմ ընդամենն իմ ունեցած կապերի ու փորձի միջոցով օգտակար լինել պետության կառավարմանը, ինչը տեղավորվում է իմ ներկա պաշտոնական կարգավիճակից բխող գործառույթների տրամաբանության մեջ:

- Ձեզ գոհացնո՞ւմ են Արցախում վերաբնակեցման ծրագրի տեմպերը, նաև Թալիշի՝ ապրիլյան քառօրյայից հետո:

- Դեռևս իմ վարչապետության տարիներին ես բազմիցս հայտարարել եմ, որ վերաբնակեցման քաղաքականությունը մեծ միջոցներ է պահանջում, և Արցախի կառավարության ունեցած հնարավորությունները բավարար չեն այդ ուղղությամբ լիարժեք քաղաքականություն իրականացնելու համար: Այսօր էլ շարունակում եմ մնալ այդ կարծիքին: Դա մեզ համար ռազմավարական նշանակության խնդիր է, և կհորդորեի համայն հայությանը ավելի ակտիվ ներգրավվել այս գործում: Խոսքն առաջին հերթին ենթակառուցվածքների ստեղծման և բարելավման մասին է, քանի որ բազմաթիվ մեր հայրենակիցներ պատրաստ են իրենց ընտանիքներով գալ և բնակվել Արցախում: Թալիշի մասով նշեմ, որ գյուղի վերականգնման աշխատանքները դեռևս շարունակվում են: Վարչական շենքերի կառուցման, ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքները հիմնականում ավարտված են, բայց բնակելի տների կառուցման և վերականգնման ծրագիրը դեռ ընթացքի մեջ է:

- Ռուսաստանցի հայտնի գործարար Գերման Ստերլիգովը, ով ժամանակին որոշել էր հաստատվել Լեռնային Ղարաբաղում, ժամանակին դժգոհում էր, որ մարդկանց, պատկերավոր ասած, ձուկ են տալիս, այլ ոչ թե ձկնորսական կարթ: Օրինակ՝ ասում էր, որ գյուղատնտեսության ոլորտում պետությունը, իշխանությունները ներդրումներ չեն կատարում: Այդպե՞ս է և ինչո՞ւ, եթե այդպես է:

- Ստերլիգովի կարծիքը կիսում եմ մասնակիորեն, քանի որ գյուղատնտեսության և ընդհանրապես տնտեսության զարգացման համար կառավարության կողմից նպատակաուղղվող պետական աջակցության ծրագրերն իրականում ունեն և՛ տնտեսական, և՛ սոցիալական բաղադրիչ: Դա իր օբյեկտիվ հիմքերն ունի, քանի որ Արցախի բնակիչները դեռևս զգալի սոցիալական կարիքներ ունեն, բացի դրանից, Արցախը զրկված է միջազգային մարդասիրական և ներդրումային ծրագրերից օգտվելու հնարավորությունից:

- Նաև նույն Գերման Ստելիգովը ժամանակին ասել էր, որ մտադիր է էկոլոգիապես մաքուր սննդամթերքի արտադրություն հիմնել «Էկոլոգիապես մաքուր սնունդ Ստերլիգովից. Ղարաբաղից» պիտակով: Նախ, տեղյակ ե՞ք, ինչ ընթացքի մեջ են, և երկրորդ՝ Դուք ևս աղքատ մարդ չեք, ինչպես նաև շատ այլ հայաստանցիներ ու սփյուռքահայեր, ուրեմն, ինչո՞ւ նման բիզնես-իդեաներ Արցախում էլ չեն եղել և կամ չեն իրագործվել:

- Նախ նշեմ, որ ես վաղուց բիզնես գործունեություն չեմ ծավալում, և նախքան պետական պաշտոն զբաղեցնելս իմ բիզնեսը հանձնել եմ հավատարմագրային կառավարման: Ինչ վերաբերում է Ստերլիգովի այդ ծրագրին, տեղյակ չեմ դրա ճակատագրի մասին: Սակայն չէի ասի, թե նման այլ գաղափարներ ու ծրագրեր չկան. Արցախում պահածոների մի քանի գործարան է գործում, որոնք արցախյան էկոլոգիապես մաքուր արտադրանքն արտահանում են տարբեր աշխարհամասերի երկրներ: Պետք է ընդգծել, որ այս առումով ներուժն Արցախում շատ ավելի մեծ է, և այս ոլորտում հետաքրքրություններ ունեցող գործարարները կարող են գալ և հարկային արտոնյալ պայմաններում ներդրումներ կատարել Արցախում:

-Պարոն Հարությունյան, ինչպե՞ս կմեկնաբանեք վերջին տարիներին Հայաստան այցելած ամերիկյան ամենաբարձրաստիճան պաշտոնյայի՝ Ջոն Բոլթոնի հայտարարությունը, որ «ուժեղ» մանդատ ստանալու դեպքում Նիկոլ Փաշինյանը, հնարավոր է, արմատական քայլերի դիմի Արցախի հարցով: Ի՞նչ եք կարծում՝ արդյո՞ք նման հայտարարությունները մտահոգիչ չեն կարող լինել:

- Անկեղծ ասած՝ չեմ ուզում այդ առումով մեկնաբանել Բոլթոնի հայտարարությունը, քանի որ կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանն արդեն ունի հայ ժողովրդի ամենալայն զանգվածի աջակցությունը: Ինչ վերաբերում է ադրբեջանա-արցախյան հակամարտությանը, մենք բազմիցս նշել ենք, որ բանակցային գործընթացի անարդյունավետությունը պայմանավորված է ոչ թե հայկական կողմի ունեցած դիրքորոշումներով կամ թույլ կամ ուժեղ մանդատով, այլ պաշտոնական Բաքվի որդեգրած ապակառուցողական քաղաքականությամբ: Այդ տեսանկյունից պետք է հատկապես միջնորդները հասկանան, որ առանց ատելության քարոզի և սպառազինության դադարեցման անհնար է որևէ շոշափելի արդյունք գրանցել հակամարտության կարգավորման գործընթացում՝ անկախ որևէ իշխանության լեգիտիմության աստիճանից: Ավելին՝ մինչև բանակցային ձևաչափում չվերականգնվի պաշտոնական Ստեփանակերտի լիարժեք մասնակցությունը, դժվար է պատկերացնել հակամարտության խաղաղ կարգավորումը:

- Արցախյան կարգավորման մասին Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններից հետո ադրբեջանական կողմն առաջարկեց ուշադիր կարդալ ԵԱՀԿ մանդատը՝ նշելով, որ Արցախի մասնակցությունը չի կարող լինել: Ամեն դեպքում, նման հայտարարություններ արվում են, սակայն շարունակում են բանակցել երկու երկրների ԱԳ նախարարները, ի վերջո, ե՞րբ պետք է միանան, կամ գոնե հանրությանը հայտնի քայլեր արվեն:

- Դեռևս 1994թ-ին զինադադարի պայմանագիրը ստորագրվել է եռակողմ ձևաչափով, որտեղ Արցախի պաշտոնական պատվիրակության ներկայությունը փաստում էր, որ առանց պաշտոնական Ստեփանակերտի որևէ պայմանավորվածություն գոյություն ունենալ չէր կարող: Ի դեպ, հակամարտության պատմության մեջ դա միակ իրավական փաստաթուղթն է, որը կողմերի համար կոնկրետ արդյունքներ է ապահովել: Հետագայում, երբ բանակցային գործընթացում ուղիղ մասնակցությունից Արցախը դուրս է մնացել, որևէ առաջընթաց չի գրանցվել: Իսկ վերջին տարիներին՝ հատկապես 2016թ.-ի ապրիլին Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո, ավելի է խորացել անվստահությունն Ադրբեջանի հանդեպ:

Այսօր կողմերի միջև ընդամենը հանդիպումներ են տեղի ունենում, որոնցից մեծ սպասելիքներ պետք չէ ունենալ, քանի դեռ Բաքվի վարքն ու բանակցությունների ձևաչափը չեն փոխվել: Այս իմաստով ՀՀ վարչապետի կողմից արված հայտարարությունները փորձ են Ալիևի վարչակարգին իրական դաշտ բերելու: Բայց, ինչպես և սպասելի էր, նրանք հակամարտության կարգավորման իրական ցանկություն չունեն, ինչը պետք է հետևությունների հանգեցնի ոչ միայն հայկական կողմում, այլ նաև միջազգային հանրության մոտ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Երևանի պետական բժշկական համալսարանում սովորում են 175 արցախցի ուսանողներ. Արմեն Մուրադյան

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Քարվաճառում առաջին անգամ կազմակերպվել է մեղրի փառատոն (լուսանկարներ)

Եթե Ադրբեջանը ԼՂ հարցում կատեգորիկ է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստանն է ու վերջ. Փաշինյան

Search